Ռուսաստանը, կապված Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի հարձակման հետ, դուրս է բերում ուժերը ռազմաճակատի Խարկովի ուղղությունից, բայց ոչ այնքան արագ, որքան ցանկանում էր Կիեւը։ Այս մասին The Economist-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրը։
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերջնական նպատակը, ինչպես գրում է The Economist-ը, դեռեւս մնում է անորոշ, սակայն, ըստ երեւույթին, նվազագույն խնդիրը Խարկովի եւ Դոնեցկի մարզերի ճակատային հատվածներից ռուսական զորքերի դուրսբերումանը հասնելն է։ Ըստ նախնական գնահատականի՝ այս գործողության արդյունքները «անհամոզիչ են», գրում է պարբերականը։
«Նրանց [ռուսական զորքերի] հրամանատարներն ապուշ չեն։ Նրանք ուժեր են տեղափոխում, բայց ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք։ Նրանք գիտեն, որ մենք չենք կարող մեր կապուղիները ձգել մինչեւ 80 կամ 100 կիլոմետրի»,- ասել է The Economist-ի զրուցակիցը։
Պարբերականը նաեւ նշում է, որ Ռուսաստանը Խարկովի ուղղությունից տեղափոխել իր ուժերի մի մասը, սակայն Դոնբասի շրջանի ռազմաճակատից շատ ավելի քիչ զորքեր հետ է քաշել։ Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է The Economist-ը, ուկրաինական զինված ուժերի գործողությունն արդեն զգալիորեն բարձրացրել է ուկրաինական բանակի ոգեւորությունը։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ չնայած կորուստներին ու վիրավորումներին, ոչնչի համար չեն ափսոսում՝ երկար ժամանակ անց առաջին անգամ հետեւում են սեփական ուժերի առաջխաղացմանը։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության աղբյուրն էլ պարբերականին նշել էր, որ մինչեւ օգոստոսի 10-ը ուկրաինական զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարողացել են մինչեւ 40 կիլոմետր խորությամբ առաջ շարժվել դեպի դեպի Կուրսկ։
Միեւնույն ժամանակ, Գլխավոր շտաբում The Economist-ի զրուցակիցը զգուշացնում է, որ Կուրսկի շրջանում գործողությունը չհամեմատեն 2022 թվականի վերջին Խարկովի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակահարձակման հետ։ Նրա խոսքով, այժմ ռուսական բանակը «ավելի լուրջ» է վերաբերվում պատերազմին։ «Վտանգն այն է, որ մենք կարող ենք ընկնել թակարդը, իսկ Ռուսաստանը հաշվի մեր ատամները»,-ասել է զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։