Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու եւ վերականգնելու ուղղությամբ եւ նույնն են ակնկալում իրենց ամերիկացի գործընկերներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք պետք է վերականգնենք հարաբերությունները: Հարաբերությունները վերագործարկելու համար անհրաժեշտ է արդարություն, ճիշտ, ողջախոհ մոտեցում: Մեր կողմից արդեն քայլեր են արվել։ Մենք սպասողական ռեժիմում ենք եւ սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների կողմից փոխադարձ քայլերի»,- ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը միեւնույն ժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության տրամադրման ծրագիրը։ Ավելի վաղ էլ, նույն պատճառով, ԵՄ-ն էր հայտնել 30 միլիոն եվրոն սառեցնելու որոշման մասին, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։