Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության հիմնական խնդիրը ներկայում «թշնամուն երկրի տարածքից դուրս մղելն է եւ սահմանների հուսալի ծածկն ապահովելը»։ Նման հայտարարություն նախագահը հնչեցրել է Ուկրաինային սահմանակից շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ հանդիպմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարության առաջ դրված գլխավոր խնդիրը, անշուշտ, թշնամուն դուրս քշելն է, նրան մեր տարածքներից դուրս մղելն է եւ սահմանապահ ծառայության հետ միասին պետական սահմանի հուսալի ծածկը ապահովելն է։ Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոսգվարդիայի հետ միասին պետք է հակաահաբեկչական իրավիճակ եւ արդյունավետ պայքար ապահովի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ։ […] Տեղի ունեցող իրադարձություններին անշուշտ գնահատական կտրվի։ Բայց հիմա գլխավորը, հրատապ խնդիրների լուծումն է, որոնք ի հայտ են գալիս տվյալ պահին եւ հիմնված են իրավիճակի զարգացման կանխատեսումների վրա»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքերով Կիեւն իր արեւմտյան գործընկերների օգնությամբ ձգտում է «բարելավել իր ապագա բանակցային դիրքերը»՝ հարձակվելով ռուսական տարածքի վրա։
«Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար: Ինչի՞ մասին կարելի է ընդհանրապես խոսել նրանց հետ»։ – նշել է Պուտինը։
Նա նաեւ պնդել է, որ սահմանային շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի գործողության հիմնական նպատակը ռուսական բանակի առաջխաղացման կասեցումն է։
«Իսկ ի՞նչ է կատարվում շփման գծում. Ռուսաստանի զինված ուժերի, կամավորների, վետերանների հարձակողական գործողությունների տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլեւ աճել են մեկուկես անգամ։ Թշնամու մյուս նպատակը մեր հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելն է, մարդկանց ահաբեկելը, ռուս հասարակության միասնությունը քանդելը։ Բայց այստեղ էլ քաղաքացիների կողմից արդեն կա պատասխան՝ դա բոլորի միահամուռ աջակցությունն է նեղության մեջ հայտնվածներին»,-ասել Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։