Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ մեկնաբանել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Այս մասին քննարկվել է օգոստոսի 12-ին Ուկրաինայի Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հանդիպման ժամանակ։
Շտաբի նիստից տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ Նա պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին «զեկուցել է ռազմաճակատում մեր պաշտպանական գործողությունների եւ Կուրսկի շրջանում գործողության մասին»։
Գեներալ Սիրսկին հանդիպման ժամանակ ներկայացրել է, թե Ռուսաստանի որ եւ որքան տարածքն է անցել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո։
«Մենք շարունակում ենք հարձակողական գործողություններ իրականացնել Կուրսկի շրջանում։ Ներկա պահին մեր վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1000 քառ կիլոմետր տարածք»,-ասել է գեներալ Սիրսկին։
Նշենք, որ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը օգոստոսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում վերահսկում են 28 բնակավայր։
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել եւ այնտեղ ամրացման գործողություններ սկսել են օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։