ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագա Նիկոլաս Մադուրոյին առաջարկում է թմրանյութերի մաքսանենգության գործով ներում ստանալու դիմաց հրաժարվել երկրի ղեկավարի պաշտոնից, որը նա արդեն երրորդ ժամկետով է ստանձնել նախորդ ամիս անցկացված ընտրություններից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։
Մադուրոյի հաջորդ երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարին։ WSJ-ի աղբյուրը նշել է, որ մինչ այս պահը ԱՄՆ-ն ներդրել է ամեն բան, որպեսզի Մադուրոյին համոզի հեռանալ նախագահի պաշտոնից։ Ամերիկյան իշխանությունները պատրաստ են երաշխիքներ տալ, որ Մադուրոյին եւ Վենեսուելայի մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին չեն հետապնդի թմրանյութերի գործով եւ չեն պահանջի նրանց արտահանձնումը։
2020 թվականին Միացյալ Նահանգները Մադուրոյին մեղադրել էր «Միացյալ Նահանգները կոկաինով հեղեղելու» մեջ եւ դա ապացուցողներին խոստացել 15 միլիոն դոլար պարգեւ։
Հուլիսին Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով ԱՄՆ-ը հաղթող է ճանաչել ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսին։ Ավելի վաղ ընդդիմությունը՝ ի դեմս Գոնսալեսի եւ դեմոկրատական ուժերի առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի, որին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, արձանագրություններ են հրապարակել ընտրատեղամասերի ավելի քան 80%-ից։ Նրանցից հետեւում է, որ Գոնսալեսը հաղթել է ընտրություններում զգալի տարբերությամբ։ Ազգային ընտրական խորհուրդը, որը Մադուրոյին հաղթող է ճանաչել, երբեք չի հրապարակել արձանագրությունները։
Ի պատասխան հայտարարված արդյունքների՝ Վենեսուելայում բողոքի ցույցեր են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 2400 մարդ, իսկ ավելի քան քսանը զոհվել։
Ըստ WSJ-ի, ԱՄՆ-ի եւ Մադուրոյի միջեւ գաղտնի բանակցությունները տեղի են ունեցել ընտրություններից առաջ։ Մադուրոն հրաժարվել է քննարկել այն պայմանները, որոնց դեպքում նա պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից, եւ այժմ նրա դիրքորոշումը չի փոխվել, ասել է WSJ-ի զրուցակիցը, ով Մադուրոյի շրջապատից է: