Միացյալ Նահանգները համաձայն է հետախուզական այն գնահատականների հետ, որ Իրանը եւ Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցները կարող են Իսրայելի վրա հարձակվել արդեն այս շաբաթ, եւ Թեհրանին կոչ է արել դադարեցնել շարունակաբար սպառնալիքներ հնչեցնելը։
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Կիրբին հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը արեւմտյան մի քանի կարեւոր դաշնակից երկրների առաջնորդների հետ քննարկել է իրավիճակը եւ ընդգծել, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը:
«Պետք է պատրաստ լինենք, որ կարող է հետեւել հարձակման մեծ ալիք, այդ պատճառով, կրկնում եմ, մենք կրկնապատկել ենք մեր ուժային համակարգերը տարածաշրջանում, եւ նույնիսկ վերջին օրերին»,-նշել է Կիրբին:
Նրա խոսքերով ԱՄՆ-ն տարածաշրջանում զգալի ուժային կարողություններ ունի:
«Մենք դիրքային փոփոխություններ կատարել ենք ընդամենը վերջին օրերի ընթացքում։ Նախագահը վստահ է, որ մենք ունենք հնարավորություն Իսրայելը պաշտպանելու համար»,-ասել է ԱՄՆ ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգողը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հետ համատեղ հայտարարության մեջ Սպիտակ տունը, մասնավորապես, հայտարարել էր․ — «Մեր աջակցությունն ենք հայտնել Իսրայելի պաշտպանությանը՝ Իրանի ագրեսիայից եւ Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումներից»:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։