Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն Փեզեշքիանը Սթարմերի հետ զրույցի ժամանակ նշել է, որ Իսրայելի «աննախադեպ եւ անմարդկային հանցագործությունների առջեւ միջազգային հանրության լռությունը եւ այդ ռեժիմին արեւմտյան որոշ պետությունների աջակցությունը հակասում են միջազգային նորմերին եւ խրախուսում նրան շարունակել վայրագությունները՝ սպառնալով խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»:
Իրանի նախագահը իր խոսքում նաեւ ընդգծել է, որ «Իսլամական Հանրապետության տեսանկյունից պատերազմը աշխարհի որեւէ երկրի շահերից չի բխում, սակայն ագրեսիային պատասխանելը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, որը հնարավորություն է տալիս կանգնեցնել հանցագործությունը եւ ագրեսիվ քաղաքականությունը»։
Զրույցի մեկ այլ հատվածում Փեզեշքիանը ողջունել է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների ընդլայնումը եւ նշել, որ 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալն ու դրա պայմաններին հետեւելը կարեւոր գործոն կլինի բանակցությունների հաջողության համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ իր հերթին ընդգծել է Գազյում պատերազմի դադարեցման եւ հումանիտար օգնության անհապաղ մատակարարման վերսկսման անհարժեշտությունը։ Սթարմերը նաեւ Իրանին կոչ է արել աջակցություն ցուցաբերել այդ հարցում։ Նա նաեւ հայտարարել է իր պաշտոնավարման ընթացքում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների նոր դեսպանները կսկսեն իրենց առաքելությունը որքան հնարավոր է շուտ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին՝ օգոստոսի 12-ին Փեզեշքիանը նաեւ հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցկեր Օլաֆ Շոլցի հետ։
Շոլցի հետ զրույցում էլ Իրանի նախագահը նշել էր, որ «Իրանը երբեք չի ենթարկվի ճնշումներին, պատժամիջոցներին, ահաբեկչությանը և ագրեսիային, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսորներին միջազգային սկզբունքներին համապատասխան»։
Նա նաեւ հայտնել էր Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու հարաբերությունները եվրոպական բոլոր երկրների հետ՝ հիմնված բարեկամության, վստահության ամրապնդման եւ փոխադարձ հարգանքի վրա։
Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր նաեւ կանցլեր Շոլցը՝ նշելով, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։