Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում ընդգծել է օգոստոսի 15-ին ՀԱՄԱՍ-ի Իսրայելի հետ բանակցություններին վերադառնալու կարեւորությունը՝ Գազայում անհապաղ ու կայուն հրադադարի հասնելու եւ բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ համաձայանագիրը վերջնականացնելու մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ-ն, Կատարը եւ Եգիպտոսը որպես միջնորդ կողմեր Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ էին արել օգոստոսի 15-ին անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանին։ Իսրայելը հայտնել էր իր պատրաստակամությունը, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ մերժել։
Բլինկենը ըստ հաղորդագրության նաեւ երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին օգոստոսի 1-ին Ռուսաստանում ձերբակալված քաղբանտարկյալների եւ արեւմտյան երկրներում դատապարտված ՌԴ քաղաքացիների փոխանակման գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ կարեւորել է Սուդանում ընթացող քաղաքացիական պատերազմի դադարեցումը եւ օգոստոսի 14-ին Շվեյցարիայում կայանալիք բանակցություններին հակամարտության կողմեր հանդիսացող երկրի Զինված ուժերի եւ Արագ աջակցության ուժերի մասնակցությունը:
Կարեւրովել է նաեւ Եթովպիայի եւ Սոմալիի միջեւ հակասությունները հաղթահարելուն ուղղված Անկարայի միջնորդական գործունեությունը։