ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկար հարցազրույց է տվել միլիարդատեր Իլոն Մասկին։ Զրույցը հեռարձակվել է օգոստոսի 12-ին X սոցիալական ցանցով։ Թրամփը մասնավորապես քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենին ռուսական ներխուժումից առաջ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խոստումներ հնչեցնելու համար։
«Երբ ես հեռացա Ուկրաինայի հետ սահմանին սկսեցին մեծ բանակ ձեւավորել, այնպես չէ՞։ Եվ ես նայում էի դրան, ու մտածում, որ Պուտինը նման բան անում է, քանի որ գիտի թե ինչպես բանակցել։ Ես կարծում էի, որ նա դա անում է բանակցելու համար: Բայց հետո Բայդենը սկսեց հիմար բաներ ասել։ Օրինակ, նա ասաց, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի երկիր։ Իսկ քանի դեռ գոյություն ունի ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը ասում է․ մենք դա երբեք թույլ չենք տա»,-ասել է Թրամփը։
Ըստ հանրապետական թեկնածուի ԱՄՆ-ն այս հայտարարությունն արել է, քանի որ երկիրը ղեկավարում է «ցածր IQ, շատ ցածր IQ ունեցող նախագահը»:
ԱՄՆ նախկին նախագահը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ միասին հաղթել է Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմում, ինչպես նաեւ հաղթանակներ է տարել Ֆրանսիայի կայսեր Նապոլեոն Բոնապարտի զորքերի նկատմամբ։ Նրա կարծիքով Ռուսաստանը գիտի թե ինչեպս է պետք կոշտ պայքար մղել, մինչդեռ Ուկրաինայի պարագայում երկիրն ունի տղմարդկանց խիստ պակաս, որի պատճառով էլ մոբիլիզացվում են երիտասրդներն ու տարեց մարդիկ։
Հարցազրույցի ժամանակ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է զերծ մնալ Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրերից։
«Եվ ես ասացի Վլադիմիր Պուտինին. «Մի արա դա: Դու չես կարող դա անել, Վլադիմիր: Եթե դա անես, վատ օրեր կգան։ Մի արեք դա»: Եվ ես նրան ասացի, թե ինչ կանեմ ի պատասխան նրա գործողությունների։ Իսկ նա ասաց․ «անհնար է»։ Ես էլ ասացի, որ «հնարավոր է»։ Եվ գիտեք, դա վերջին անգամն էր, որ մենք խոսեցինք: Նա երբեք չէր անի [եթե ես մնայի նախագահ]…։ Ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ էի։ Հուսով եմ, որ հիմա նույնպես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: [Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար] Կիմ Չեն Ընի հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել»,-ասել է Թրամփը։
Հարցազրույցի զգալի մասը նախկին նախագահը նվիրել էր իր դեմ մահափորձին եւ ամերիկյան տնտեսության պետական կառավարման նվազեցմանը։
Խոսելով անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի մասին՝ նա խոստացել է իրականացնել ԱՄՆ-ից ամենամեծ վտարումը։