Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ օգոստոսի 13-ին Նովո-Օգարեւոյում գտնվող Պուտինի նստավայրում, հայտնում է Կրեմլի կայքը։
Բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարել է Կրեմլը, կողմերը մտադիր են քննարկել «երկկողմ համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերը», ինչպես նաեւ «կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերաբերյալ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ներկա փուլի եւ Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո»։
Հանդիպման սկզբում, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Պուտինը նշել է, որ այն, Գազայի հատվածում կատարվողը, աննկատ չի մնում Ռուսաստանի կողմից՝ չնայած ուկրաինական պատերազմին։
«Բոլորը գիտեն, որ Ռուսաստանն այսօր, ցավոք պետք է իր շահերը պաշտպանի , իր ժողովրդին պաշտպանի զենքի միջոցով, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի իշխանությունները «մեծ ցավով եւ անհանգստությամբ են հետեւում Պաղեստինում ծավալվող հումանիտար աղետին», ասվում է Կրեմլի հրապարակված տեսանյութում։
«Առաջին հերթին, իհարկե, մենք մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում առկա մեծ կորուստներով։ Ըստ ՄԱԿ-ի՝ դա արդեն 40 հազար մարդ է կազմում, եւ հիմնականում կանայք ու երեխաներ են»,- ասել է Պուտինը։
Մահմուդ Աբբասն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին պաղեստինյան հարցում ունեցած նման դիրքորոշման համար եւ Ռուսաստանի Դաշնությանը անվանել է «պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկը», գրում է TACC-ը։
Մահմուդ Աբբասը այցով Մոսկվա է ժամանել օգոստոսի 12-ին, որի մասին նախօրեին հայտնել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Աբբասը նաեւ մտադիր է հանդիպումներ անցկացնել Մոսկվայում հավատարմագրված արաբական երկների դեսպանների հետ։