Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում խոսել է Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական բանակի հարձակողական գործողությունների մասին։
Նրա խոսքերով ուկրաինացի զինվորականները ընդարձակում են ակտիվ գործողությունների տարածքը եւ համալրում փոխանակման ֆոնդը՝ ի նկատի ունենալով գերեւարված ռուս զինվորականներին, որոնք հետագայում կարող են փոխանակվել ուկրաինացի ռազմագերիների հետ։
«Այսօր արդեն մի քանի զեկույցներ են ստացվել գլխավոր հրամանատար Սիրսկիից՝ Ճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ այն տարածքների մասին, որտեղ անցկացվում են մեր գործողությունները Կուրսկի մարզում։ Մենք ընդլայնում ենք ակտիվ գործողությունների տարածքը։ Գլխավոր հրամանատարը հայտնել է, որ մեր ուժերը վերահսկում են Կուրսկի մարզի 74 բնակավայր։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի, ով ապահովում է դա»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքերով գործողությունների ընթացքում հարյուրավոր ռուս զինվորներ են արդեն հանձնվել, եւ արժանանալու են մարդկային վերաբերմունքի, ինչը «չեն ունեցել նույնիսկ սեփական ռուսական բանակում»։
Զելենսկին նաեւ ուկրաինացիներին կոչ է արել «գործել նույնքան միասնական եւ արդյունավետ, որքան դա արել են այս պատերազմի առաջին շաբաթներին եւ ամիսներին»: