Ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Սա Պուտինի համար իսկական երկընտրանք է ստեղծում, եւ մենք ուղղակի, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ այն ակտիվ է»,- AFP-ի փոխանցմամբ ասել է Բայդենը Նյու Օրլեանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Սա Միացյալ Նահանգների ղեկավարի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական տարածք ներխուժման վերաբերյալ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տարածք ուկրաինական զինված ուժերի ներխուժումը որակել էր որպես «լայնածավալ սադրանք»։ Ըստ ՌԴ նախագահի՝ այս կերպ «Կիեւի ռեժիմը իր արեւմտյան տերերի օգնությամբ փորձում է բարելավել բանակցային դիրքերը»։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պահանջել էր «թշնամուն դուրս մղել» մարզի տարածքներից եւ «ապահովել սահմանների հուսալի ծածկը»։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։