Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը երեքշաբթի զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով զորավարժություններն անցկացվել են Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի ռազմածովային բազայում։
Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն էր ռազմածովային ուժերի պատրաստվածության բարձրացումը։
Նշենք, որ զորավարժությունների մեկնարկից մեկ օր առաջ էլ Ադրբեջանում եւ Վրաստանում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվային ստորաբաժանումների զինվորակններն էլ, հրաման էին ստացել անհապաղ Իսրայել վերադառնալու մասին։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։