ԱՄՆ նախագահի էներգետիկայի եւ ներդրումների հարցերով օգնականի տեղակալ եւ ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինը Բեյրութի անցկացրած բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի ապահովմանը հասնելու համար։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում կատարելով բանակցություններին ծանոթ աղբյուրին։
«Հոքսթինը հաստատել է, որ ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում Գազայի հատվածում հրադադարի խնդրին եւ ճնշում է գործադրում Իսրայելի վրա։ Միեւնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումներ են գործադրում Եգիպտոսն ու Կատարը», — պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը։
Ամերիկացի բանագնացը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում հակամարտության դադարեցումը կնպաստի նաեւ Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ լարվածության նվազեցմանը, գրում է Sky News Arabia-ն։
Օգոստոսի 14-ին Հոքսթինը Բեյրութում հանդիպել էր Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ։ Բանակցություններից հետո նա կոչ արեց հրատապ դիվանագիտական լուծում գտնել Լիբանանի եւ Իսրայելի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման համար՝ նշելով, որ կողմերի միջեւ ուղիղ բախումից դեռ կարելի է խուսափել։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։