Կուրսկի մարզի օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Գլուշկովո բնակավայրի բնակիչների պարտադիր տարհանման մասին, այս մասին հայտնում է մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Տեղի բնակիչների տեղափոխման գործընթացը կհամակարգեն իրավապահ մարմինները, զինվորականները, տեղի կառավարման մարմինները եւ Կուրսկի «Պատրիոտ» կենտրոնի ներկայացուցիչները։ Բոլորին խնդրում հետեւել ցուցումներին»,-ասվում է մարզպետի պաշտոնակատարի հայտարարության տեքստում։
Գլուշկովոն Գլուշկովսկի շրջանի վարչական կենտրոնն է, որը սահմանակից է Ուկրաինային։ Բնակավայրը սահմանից ուղիղ գծով հեռու է շուրջ յոթ կիլոմետր։ 2022 թվականի սկզբի դրությամբ ողջ Գլուշկովսկի շրջանի բնակչության թվաքանակը կազմում էր մոտ 20 հազար մարդ։
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողության ընթացքում Գլուշկովսկի շրջանը երեք կողմից հայտնվել է շրջափակման մեջ․ արեւմուտքում եւ հարավում Ուկրաինայի սահմանն է, իսկ արեւելքում Սուդժանսկի շրջանը, որտեղ օգոստոսի 6-ից շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները։
Ուկրաինական ռազմական հրամանատարությունը նույնպես հայտարարել է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինա խաղաղ բնակիչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ բացելու մասին։
Կուրսկի մարզում մեկշաբաթյա մարտերի ընթացքում ռուսական զորքերին չի հաջողվել կասեցնել Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։
Դատելով բաց աղբյուրներից ստացված տվյալներից ուկրաինական բրիգադները վերահսկողության տակ են վերցրել Սուջա քաղաքը, շարժվել դեպի արեւմուտք՝ Կորենեւո բնակավայրի ծայրամասերը, ինչպես նաեւ առաջացել մինչեւ Լգով քաղաքի մատույցներ։
Կուրսկի մարզում բացի Գլուշկովսկի շրջանից, հայտարարվել էր նաեւ Սուդժանսկի, Ռիլսկի, Կորենեւսկի եւ Բոլշեսոլդատսկի շրջանների բնակիչների տարհանման մասին։