Երեւանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Այս մասին գրում է «Ազատության» ռադիոկայանը՝ հղում կատարելով Հայաստանի արտգործնախարարությանն ուղղված հարցման արդյուքնում ստացված պատասխան տեքստին։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, եւ համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ավելի վաղ՝ հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն պետք է միասին դիմեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը եւ խնդրեն վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար դեռ 1992 թվականին կազմավորված Մինսկի խումբը։
«Դրա կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,-հայտարարել էր Ալիեւը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երեւանը համաձայն չէ լուծարմանը եւ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի եւ Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։
Այս հարցումներին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարությունից նշել էին․ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման եւ առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։