Ուկրաինայի բանակի վերահսկողության տակ անցած Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքներում ուկրաինական կողմը ստեղծել է առաջին ռազմական պարետային ծառայությունը (կոմենդատուրան)։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Գեներալի խոսքով, պարետատան ղեկավար է դարձել գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալյովը։ Նա նաեւ հավելել է, որ պարետատային ծառայությունը ապահովելու է իրավակարգի պահպանումը եւ տեղի բնակչության կարիքների բավարարումը։
Սիրսկին նաեւ հայտնել է, որ Կուրսկի մարզում հարձակման սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր եւ 1150 քառակուսի կմ տարածք։
«Ընդհանուր առմամբ, Կուրսկի մարզում գործողության մեկնարկից ի վեր մեր զորքերը առաջ են շարժվել 35 կիլոմետր խորությամբ»,- ասել է գեներալը։
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ օգոստոսի 15-ի հրապարակած տեղեկագրում հայտնել է, որ ռուսական բանակը վերականգնել է վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի վրա, ինչպես նաև հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Կրեմյանոյե, Ռուսկայա Կոնոպելկա, Վարվարովկա, Սաֆոնովկա, Շեպտուխովկա, Կաուչուկ, Ալեքսեևսկի և Մատվեևկա բնակավայրերի շրջաններում: