Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակվելու ծրագրերից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
«Մենք ստիպված ենք ենթադրել, եւ այն տեղեկատվությունը, որն ունենք մեզ ասում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի դե,մ ինչ որ հարձակումների սպառնալիքներից, հավանաբար, նաեւ իր այնպիսի դաշնակից ուժերի կիրառմամբ, ինչպիսիք են «Հեզբոլլահը» կամ հութիները»,- ասել է Կիրբին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ եւ հավելել․ «Գիտեք, դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, դա կարող է տեղի ունենալ հիմա՝ գրեթե ցանկացած պահի»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։