Դոհայում վերսկսվել են Գազայի հատվածում կրակը դադարեցնելու եւ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով պատանդառված իսրայելցիներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո այս բանակցությունները Մերձավոր Արեւելքում հակամարտության սրումը կանխելու փորձ է։
Հրադադարի բանակցություններից շատ բան է կախված. ավելի վաղ Իրանի իշխանությունները հասկացրել էին, որ դրանց հաջող արդյունքը կարող է իրենց համոզել հրաժարվել հաշվեհարդարից, ինչում, սակայն, քչերն են վստահ:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, սակայն ինչպես նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաղեստինյան շարժմանը հանդիպմանը ներկայացնում են Եգիպտոսն ու Կատարը։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մեղադրում են միմյանց հավելյալ նախապայմաններ առջադրելու եւ համաձայնության հասնելու հարցում խոչնդոտներ ստեղծելու մեջ, սակայն օգոստոսի 15-ի հանդիպումից առաջ երկու կողմերն էլ չէին բացառել փոխհամաձայնություն գտնելու հնարավորությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ՝ օգոստոսի 14-ին հայտարարել էին, որ «տարածաշրջանում կողմերից ոչ մեկը չպետք է ձեռնարկի գործողություններ, որոնք կխաթարեն համաձայնության հասնելու ջանքերը»: BBC-ին գրում է, որ այս հայտարարությունը վերլուծաբանների կողմից դիտվում է որպես քողարկված նախազգուշացում ոչ միայն Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին, այլեւ Իրանին:
Բանակցություններին ԱՄՆ-ն ներկայացնում են Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։ Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին։ Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Կամելը։ Իսրայելական պատվիրակությունն էլ ղեկավարում է «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավարներ Դավիթ Բառնեան։
The Times of Israel պարբերականը գրում է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների մասնակիցները առաջընթաց են գրանցել բանակցությունների առաջին օրվա ընթացքում։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին էլ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում դեռ հնարավոր չի եղել հասնել համաձայնագրի կնքնման, սակայն գործընթացը խոստումնալից սկիզբ է։
Ավելի վաղ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Գազայի հարցով էմիրության, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ խորհրդակցությունները Դոհայում կշարունակվեն նաեւ այսօր՝ օգոստոսի 16-ին։
Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի ղեկավարները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն էին տարածել, որով Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ էին անում օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Միջնորդները հայտարարել են նաեւ համաձայնագրի վերջնական նախագիծը ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է Բայդենի կողմից նախկինում առաջ քաշված եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձեւի սկզբունքների վրա։