ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Ուկրաինային հեռահար թեւավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ինչպես պարզաբանում է պարբերականը, խոսքը JASSM թեւավոր հրթիռների մասին է, որոնք կարող են արձակվել ամերիկյան F-16 կործանիչներից։
Politico նշում է, որ նման հրթիռների շնորհիվ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կկարողանան գրոհել ավելի քան 200 մղոն (ավելի քան 300 կիլոմետր) հեռավորության վրա գտնվող թիրախները։
Պարբերականն ընդգծում է, որ Ուկրաինա նման հրթիռներ ուղարկելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
Պենտագոնի ներկայացուցիչը Politico-ին ասել է, որ Վաշինգտոնը «դիտարկում է մի շարք տարբերակներ Ուկրաինայի պաշտպանության կարիքները բավարարելու համար», սակայն կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել:
JASSM հրթիռները, որոնք մշակվել են Lockheed Martin ընկերության կողմից եւ շահագործման են հանձնվել 2000-ականների սկզբին, հազվադեպ են ԱՄՆ-ի կողմից օգտագործվել մարտական պայմաններում եւ տրամադրվել են միայն Վաշինգտոնի որոշ մերձավոր դաշնակիցներին, ընդգծում է պարբերականը:
Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են առաջին ամերիկյան F-16 կործանիչները։ Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան մինչ այժմ ստացել է տասը F-16 կործանիչ, իսկ մինչեւ 2024 թվականի վերջ երկրին կհանձնվի ամերիկյան արտադրության եւս 20 ինքնաթիռ։ Մնացած կործանիչները, որոնք Դանիան, Նիդեռլանդները եւ այլ երկրներ խոստացել էին մատակարարել Ուկրաինային, ընդհանուր խմբաքանակով կուղարկվեն 2025 թվականին։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը կստանա 79 կործանիչ։