Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ուկրաինայի օկուպացված տարածքներից շուրջ մի քանի բրիգադներ են տեղափոխել Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ ուկրաինական զինված ուժերի հարձակմանը հակազդելու համար։ Այս մասին իրազեկ աղբյուրներին հղում կատարելով հայտում է CNN-ը՝ հավելելով, որ տեղափոխված զինվորականների թիվը հասնում է շուրջ հազարի։
Արեւմտյան հետախուզական ծառայություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ լրատվականին փոխանցել են, որ Ռուսաստանը դեռ չի պլանավորում իր ամենամեծ եւ լավագույն պատրաստված ստորաբաժանումները տեղափոխել Կուրսկի մարզ: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ դեռեւս զգալի տեղաշարժեր չեն նկատել, եւ ենթադրել է, որ դա կարող կապված լինել կամ տեղափոխումների սկզբնական փուլի, կամ էլ տեղափոխելու համար ոչինչ չունենալու հետ։
CNN-ի երրորդ զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը Կուրսկի մարզի պաշտպանությունը, հավանաբար փորձում է ամրացնել հիմնականում չպատրաստված նորակոչիկներով։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան էլ հավելել է, որ ՌԴ զինված ուժերը Կուրսկի մարզ են ուղարկել Լենինգրադի, եւ անգամ Կալինինգրադի ռազմական օկրուգի զինվորականներին։
CNN-ը նշում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարյուր հազարի հասնող զինվորականներ ունեն Ուկրաինայի ճակատներում, ուստի «մի քանի հազարի տեղափոխումը կարճաժամկետ հեռանկարում կարող է լուրջ հետեւանքներ չունենալ»։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Կիրբին CNN-ին ասել է, որ ռուս զինվորականները «որոշ ռեսուրսներ, որոշ ստորաբաժանումներ են տեղափոխում Կուրսկի մարզ՝ իբր հակազդելու ուկրաինացիների գործողություններին»:
Կիրբիի խոսքով՝ Ուկրաինայից զորքերի տեղափոխումը «չի նշանակում, որ Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի հյուսիս-արեւելքում կամ նույնիսկ հարավում՝ Զապորոժյեի նման վայրերում իրականացվող ռազմական գործողություններից»։ Նա հավելել է, որ «ռազմաճակատում դեռեւս ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում»։
Զրուցակիցներից մեկը ամերիկյան լրատվականին պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում «տպավորիչ է ռազմական տեսանկյունից», սակայն Կիեւն այնտեղ է ուղարկել բավականին փորձառու զինվորականների, որոնց, ըստ նրա, կորցնել ուղղակի չի կարելի։
«Իսկ նրանց առաջնագծից տեղափոխելը Ռուսաստանին հնարավորություն է տալիս օգտվել առավելություններից եւ ճեղքել ճակատը»,- հավելել է պաշտոնյան։
Միեւնույն ժամանակ, CNN-ի մի քանի աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինայի զինված ուժերին թույլատրել ամերիկյան հեռահար զենքերը օգտագործել Կուրսկի մարզում ընթացող հարձակումների համար, եւ դա ոչ թե էսկալացիայի ռիսկի պատճառով, այլ այն պատճառով, որ Վաշինգտոնը չի կարող Ուկրաինային ապահովել այդքան շատ ATACMS հրթիռներով: Ամերիկյան իշխանությունները, ըստ լրատվականի զրուցակիցների, կարծում են, որ Ուկրաինան պետք է օգտագործի գոյություն ունեցող հրթիռները բռնակցված Ղրիմին հարվածելու համար։