Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ ելույթ ունենալով Նախիջեւանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է, որ «Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա»։
Նաջաֆլին Հայաստանին մեղադրել է Արաքս գետ թունավոր թափոններ լցնելու մեջ եւ հավելել, որ դրա հետեւանքով ոչնչացվել են հարյուրավոր թռչուններ եւ ձկներ։
«Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է այսօր։ Սա հանգեցնում է Արաքս գետի կենդանական եւ բուսական աշխարհի ոչնչացմանը։ Հայաստանը շարունակում է իր գործողությունները բնության դեմ»,-ասել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւն էլ իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտության ընթացքում Հայաստանը քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով միտումնավոր աղտոտել է Արաքս գետը, որը շարունակվում է նաեւ այսօր։
«Ներկայումս Հայաստանի տարածքով հոսող գետերի աղտոտումը, որոնց գետաբերանը գտնվում է մեր երկրի տարածքում, շարուանկվում է։ Դրանք աղտոտվում են հանքարդյունաբերության թափոններով, հատկապես Արաքսը եւ նրա Ողջի վտակը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։