Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային եւ քաղաքակրթական կապերը եւ հոգեւոր մտերմությունը, եւ այդ փաստը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու որեւէ փորձով։ Նման հայտարարություն Օշականի ճակատամարտի 197-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ արել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այսօր, երբ դժվար ժամանակներ ենք ապրում, շատ կարեւոր է հիշել անցյալի դասերը։ Առանց դրա դժվար թե մենք կարողանանք հաջողությամբ եւ ադեկվատ կերպով դիմակայել այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում ենք։ Ռուսաստանը անկեղծորեն է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են մշակութային ու քաղաքակրթական դարավոր կապերն ու հոգեւոր մտերմությունը, եւ այս փաստը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու որեւէ փորձով»,-հայտարարել է Կոպիրկինը եւ հավելել․ «Չնայած այն Հայոց պատմության ութերորդ դասարանի նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը, մենք միշտ կհիշենք ու կհարգենք այդ հիշարժան օրերի հերոսներին»։
Նշենք նաեւ, որ նախօրեին էլ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարությունը քննադատել էր Հայոց պատմության ութերորդ դասարանի նոր դասագրքում XIX դարի սկզբին Ռուսական կայսրության կողմից Հարավային Կովկասըը նվաճելու մասին պատմող գլխում իրադարձությունները որպես «բռնակցում» ներկայացնելը։ ՌԴ ԱԳՆ-ն դա որակել էր «պատմությունը վերաշարադրելու անամոթ ու ընդհանուր անցյալը խեղաթյուրող աննրբանկատ փորձ»։
«Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում էլ՝ ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձեւավորման գործում, նշանակում է դեմ գնալ համընդհանուր հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է։ Արեւմտյան քարոզչության եւ քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սեւ է կոչվում առանձին հայ գործիչների «թեթեւ ձեռքով», որոնք հատկապես եռանդով փորձում են ծառայել իրենց հովանավորներին», — հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն եւ հույս հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդ բովանդակությամբ դասագիրքը մտնի դպրոցներ։
«Ազատություն» ռադիոկայանն էլ հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության կոշտ հայտարարությունից ժամեր անց Հայաստանի կրթության նախարարությունից հայտնել են, որ ութերորդ դասարանի Հայոց պատմության դասագրքի համապատասխան հատվածը արդեն վերախմբագրված է։