Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։
Կրեմլի տվյալներով՝ այցից հետո նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն եւ ստորագրել միջկառավարական փաստաթղթեր։
Նշվում է, որ բանակցությունների թեմաներն ընդգրկելու են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաեւ արդի միջազգային եւ տարածաշրջանային խնդիրները»։
Վերջին անգամ Պուտինը Ադրբեջան էր այցելել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Բաքու աշխատանքային այցի շրջանակներում նա այցելել է ձյուդոյի աշխարհի առաջնություն, մասնակցել ռուս-ադրբեջանական IX միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստին եւ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Պուտինի այցը Բաքու տեղի կունենա Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների սառեցման եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին։