Լոռու մարզի յոթ բնակավայր՝ Ախթալան, Շամլուղը, Քարկոփը, Մեծ Այրումը, Փոքր Այրումը, Ճոճկանն ու Բենդիկը չորս օր արտաքին աշխարհի հետ կապ չեն ունենա։ Օգոստոսի 19-ից մեկնարկելու են Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքները։
Հետիոտնի անցուդարձը կամրջով միայն մեկ օրով է սահմանափակվելու։
Մայիսի 26-ի ջրհեղեղից մասնակի փլուզված կամրջի վրա ժամանակավոր մետաղական կամուրջ էր տեղադրվել։ Նորը նույնպես ժամանակավոր է լինելու։
«Կառավարությունը նպատակ ունի նախագծելու հիմնական կամուրջներ, որոնք երկար տարիներ ծառայելու երաշխիք կունենան։ Ախթալայում տեղադրվող կամուրջը մինչեւ 35 տոննա բեռ տեղափոխելու համար է նախատեսված։ Հիմա սահմանափակումներ կան, բայց նոր կամրջի դեպքում դրանք արդեն կվերանան»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Ժամանակավոր կլինեն նաեւ աղետից տուժած Քարկոփի եւ Սանահին կայարանի կամուրջները։ Քարկոփի հետիոտնային կախովի կամուրջը կփոխարինվի մետաղականով, իսկ Սանահին կայարան թաղամասինը, ըստ համայնքի ղեկավարի, կմնա, բայց չի օգտագործվի․ մուտքերը կփակվեն՝ բնակիչների անվտանգության համար։
Սանահինում հիմա նոր կամուրջ է կառուցվում։ Աշխատանքները մեկնարկել են օգոստոսի հինգին։ Շինարարությունն իրականացնում է իրանական «Թունել Սադդ Արիանա» կազմակերպությունը, որը մասնագիտացած է էներգետիկ կառավարման, քաղաքաշինության, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկման, տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծման գործում։
«Եթե ամեն բան բարեհաջող անցնի, մինչեւ ամսվա վերջ կավարտենք աշխատանքը։ Կամուրջը մետաղական է, հավաքովի։ Իրանում գործարան կա, որտեղ կառուցվել է կամուրջը։ Սա հատուկ, ոչ սովորական մետաղ է, 100 տարուց ավելի կծառայի ժողովրդին»,- ասաց շինաշխատանքները ղեկավարող Աբդուլլո Հակիմզոդան։
Նրա խոսքով՝ սա Իրանի ժողովրդի նվերն է աղետից տուժած մարդկանց։
Հինգ մետր լայնությամբ կամուրջը լիարժեք կապահովի երկկողմանի երթեւեկությունը։ Կամրջի երկու կողմերում 1,20 մետր լայնությամբ անցում է լինելու հետիոտնի համար։
Աղետի գոտում այս օրերին կամուրջներից բացի վերականգնվում են ջրհեղեղից փլված ճանապարհները։
Մասնավորապես Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի երեք հատվածներում հողով լիցք է արվում, ինչից հետո ճանապարհը խճապատվելու է։ Ասֆալտապատում չի նախատեսվում, որովհետեւ դեռեւս լուծված չէ գետը եզերող հենապատերի կառուցման հարցը։
Ըստ Ալավերդու համայնքապետի՝ պրոֆեսիոնալ նախագծողներ են փնտրում, որովհետեւ «գետի ափի հենապատերի նախագծումն ամեն մարդու գործ չէ»։ Վստահեցնում են՝ նախագիծն ունենալուց հետո շինարարությունը չի ուշանա։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։