«Մենք հավատում ենք, որ կփոխենք աշխարհը»․ հենց այդ հավատով էլ արդեն երեք ամսից ավելի Հայաստանում սկսել է գործել ArevModels մոդելային գործակալությունը։ Այն մեր երկրում առաջինն է, որի մոդելները դաունի սինդրոմ ունեցող երեխաներն են՝ արեւ երեխաները։
Ներառական գործակալության հիմնադիրները արեւ-երեխաների ծնողներն են՝ Քրիստինա Անդրեասյանն ու Լիլիթ Դալլաքյանը։ Միջազգային բազմաթիվ հաջողված փորձեր են տեսել, որոշել տեղայնացնել։
Հույս ունեն, որ շուտով բոլոր երեխաները կունենա հավասար հնարավորություններ՝ անկախ իրենց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններից: Եթե այլ երկրներում ստացվել է, Հայաստանում էլ կստացվի։
Նրանց գաղափարին արդեն ավելի քան քառասուն ընտանիքներ են միացել։ Այսօր դաունի սինդրոմ ունեցող շուրջ չորս տասնյակ երեխա կարող է դառնալ գովազդային դեմք։ Նրանց շարքում նաեւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեք երեխա կա։
Նախաձեռնության առաջին նպատակը ներառականության ապահովումն է։ Առաջնահերթություն է փոխել հասարակության ընկալումը առանձնահատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Իսկ դաունի համախտանիշի վերաբերյալ տարատեսակ միֆեր կան, որոնք միմիայն խանգարում են այդ նպատակի իրագործմանը։ «Մեր նախաձեռնությամբ ուզում ենք կարծրատիպեր կոտրել, ուզում ենք, որ հասարակությունը տեսնի՝ դաունի համախտանիշ ունեցող անձինք կարող են ամեն բան»,-ասում է Քրիստինան, որի դուստրը՝ 6-ամյա Մարիան այս տարի դպրոց է հաճախելու եւ արդեն գրաճանաչ է, կարդում է։
Երկուսուկեսամյա Սոֆիի մայրիկը՝ Լիլիթը նշում է, թե ամեն ինչ ավելի հեշտ կլինի, երբ թե՛ արեւ-երեխաների ծնողները, թե՛ հասարակությունը պատկերացնեն՝ ինչ է դաունի համախտանիշը։
Հաճախ խտրականությունը սկսվում է հենց ծննդատներից․ բուժանձնակազմը վախեցնում է ծնողին, թե երեխան, օրինակ, երբեք չի քայլի, բազմաթիվ խնդիրներ կունենա, ծնողի կյանքը «կավարտվի»։ Հենց նման ճնշումներն են պատճառ դառնում, որ երեխաները մանկատանն են հայտնվում։
«Եթե ծնողներն էլ տեսնեն, որ հասարակությունը լավ է վերաբերվում արեւ-երեխաներին, իսկ նրանք էլ ընտանիքում ջերմություն, հոգատարություն ու սեր ստանան, ամեն ինչ լավ կլինի։ Ծնողի ընկալումից է պետք սկսել, մանրամասն բացատրել՝ ինչ է սպասվում, ծննդատնից սկսած այլ մոտեցում ցուցաբերել»,- ասում է Լիլիթը։
Մեր զրուցակիցները մյուս ծնողներին հորդորում են խտրականության որեւէ դեպքում չընկճվել, չհրաժարվել երեխայի իրավունքների պաշտպանությունից։
Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաներին չեն ընդունում, օրինակ, պարի, լողի խմբակներ։ Չպետք է համակերպվել ու երեխային տանը փակել։
Մեր երկրում դժվար է հատկապես զբաղվածության խնդիրը, որի լուծմանն էլ պետք է նպաստի մոդելային գործակալությունը։ «Ուզում ենք՝ երեխաներն ինքնուրույն լինեն, ծնողները չմտածեն՝ երեխան մեծանա, աշխատանք կունենա՞, թե՞ ոչ։ Եթե մի քիչ աշխատենք այդ ուղղությամբ, արդյունք էլ կլինի»,-ասում է Լիլիթը։
Արեւ-երեխաները գովազդներում ինչքան շատ նկարահանվեն, այնքան ճանաչելի կդառնան, նրանց ճիշտ տեսանկյունից կընկալեն։ «Մենք պարզապես ուզում ենք, որ հասարակությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունի այնպիսին, ինչպիսին կան․ եթե կարող է, օգնի, եթե ոչ, «այլ աչքով» չնայի»,-նշում է Քրիստինան։
ArevModels-ի համահիմնադիրները նպատակ ունեն առաջիկայում նաեւ մոդելային դպրոց բացելու, երեխաների զբաղվածությունն ապահովելու։ Հաջողելու դեպքում կներգրավեն նաեւ այլ հաշմանդամություն ունեցող երեխաների։
Ընկերություններին հորդորում են միանալ իրենց նախաձեռնությանը, գովազդի համար դիմել արեւ-երեխաներին՝ դառնալով մեծ գործի փոքր ու կարեւոր մասնիկը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: