Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այցի հիմնական օրվա ծրագիրը մեկնարկում է երկուշաբթի օրը։
Սա Պուտինի եւ Ալիեւի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Գլխավոր միջոցառումը լինելու է երկկողմ բանակցությունների երկու փուլերը, որոնք կանցկացվեն նեղ եւ ընդլայնված ձեւաչափերով։
Ռուսական TACC-ը հղում կատարելով նախագահների բանակցությունների համար նախապատրաստված նյութերի վրա գրում է, որ հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն ռուս-ադրբեջանական փոխգործակցության, այլ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության արդի խնդիրների, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի վրա։ Նշվում է, ռուսական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը։
«Առանցքային խնդիրներն են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի խթանումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ հիմնված 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերի վրա»,-ասվում է TACC-ի մեջբերած հատվածում։
Այցից հետո նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ ստորագրել միջկառավարական եւ այլ փաստաթղթեր։