Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին TACC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով նոր ճանապարհ կառուցելու ԱՄՆ նախագիծը չպետք է քաղաքականացվի։ Նրա հայտարարությունը հնչում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի նախօրեին։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման քայլով Վաշինգտոնը չի դիտարկում շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը, եւ այդպիսով խաթարել հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը դեսպանը նշել է․ «Ես չէի քաղաքականացնի այս հարցը։ Փաստն այն է, որ տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենեւին չի նշանակում, որ երբ նոր միջանցք է բացվում, բոլորն անմիջապես թողնում են արդեն փորձարկվածն ու հարմարը եւ շտապում դեպի նոր երթուղի։ Սա բացարձակապես այդպես չի աշխատում։ Դա շատ ժամանակ է պահանջում, միջոցների մեծ ներդրումներ եւ շատ երկրների համաձայնություն»։
Ըստ դեսպանի տրանսպորտային տարբերակների բազմազանությունը միայն ավելի շատ պայմաններ է ստեղծում բիզնեսի զարգացման համար։
«Ի՞նչ է տրանսպորտային միջանցքը: Սա ապրանքներ եւ մարդկանց տեղափոխելու հնարավորություն է, սա առեւտուր անելու հնարավորություն է։ Որքան շատ ճանապարհներ լինեն, այնքան ավելի հարմար է բիզնեսով զբաղվելը եւ ավելի հարմար է առեւտուրը եւ զբոսաշրջությունը զարգացնելը։ Ցանկացած ճանապարհ տարածքների զարգացում է»,-ասել է Բյուլբյուլ օղլին։