Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ի երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողության հիմնական խնդիրը «ագրեսորի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է»։
«Ընդհանուր պաշտպանական գործողությունների մեջ մեր առաջնահերթ խնդիրն է՝ հնարավորինս շատ ոչնչացնել ռուսական ռազմական ներուժը եւ իրականացնել առավելագույն հակահարձակողական գործողություններ։ Սա ներառում է ագրեսորի տարածքում բուֆերային գոտու ստեղծում․ այն գործողությունը, որ իրականացնում ենք Կուրսկի մարզում»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, ըստ Զելենսկու, ուկրաինացի զինվորականները ճակատային գծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Կուրսկի մարզում, ներգրավված են «ռուսական ռազմական ներուժի» ոչնչացման մեջ։
Ուկրաինայի նախագահը ուղերձի ժամանակ առանձին անդրադարձել է նաեւ Տորեցկի եւ Պոկրովսկի մոտ ռուսական զորքերի առաջխաղաղացմանը, եւ ընդգծել, որ ուկրաինացի զինվորականները «անում են ամեն ինչ իրենց դիրքերը պահպանելու համար»։
Զելենսկին նաեւ խնդրել է Ուկրաինայի դաշնակիցներին արագացնել ռազմական օգնության մատակարարումը։ «Պատերազմի ժամանակ արձակուրդ չկա։ Մեզ լուծումներ են պետք, հայտարարված փաթեթների համար ժամանակակից լոգիստիկա է պետք»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։