ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը ժամանել է Իսրայել։
Սա Գազայում ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ պատերազմի բռնկումից հետո պետքարտուղարի թվով տասներորդ այցն է, որը, ինչպես ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ նպատակաուղղված է հրադադարի համաձայնության հասնելուն եւ պատանդների ու պահվող անձանց ազատ արձակմանը։
Բլինկենը այսօր արդեն հանդիպել է Իսրայելի նախագահ Իսրայել Հերցոգի հետ, եւ սպասվում է, որ շուտով կհանդիպի նաեւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Հերցոգի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ներկա փուլն, որն ընթանում է Կատարի մայրաքաղաք Դոհայում, անվանել է հասնելու պատանդների վերադարձին եւ հրադադարի հասնելուն ուղղված «վերջին հնարավորություն»։
Իսրայելի նախագահն էլ, հանդիպելով Բլինքենին, հայտարարել է, որ երկիրը «բոլոր կողմերից շրջապատված է ահաբեկչությամբ» եւ «հզոր ու վճռական հակահարված է տալիս նրան», ինչը նույնպես «իր ազդեցությունն է թողնում առեւանգվածների ազատ արձակման բանակցությունների վրա»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակելուն ուղղված բանակցությունների նոր փուլը։
Հանդիպումից հետո հակամարտող կողմերի միջեւ որպես միջնորդ երկրներ հանդիսացող Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը, մինչեւ շաբաթվա վերջ անցկացնել Կահիրեում։
Ինչպես նշվում է տեքստում, տեխնիկական խմբերն առաջիկա օրերին կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներն, որոնց թվում կլինեն Գազայի հատվածում պահվող պատանդների եւ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների փոխանակման, ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցրեը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էլ ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Գազայում հրադադարը գնալով առավել իրատեսական է դառնում եւ նախազգուշացրել էր Մերձավոր Արեւելքի կողմերին չխաթարել համաձայնության հասնելու համար ընթացող բանակցությունները:
«Դեռ մի քանի հարց է մնացել։ Կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք դեռ»,- ասել էր Բայդենը:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել հանդիպմանը եւ իսրայելական կողմի հետ բանակցություններին ներկայացված էին Եգիպտոսի ու Կատարի միջնորդների կողմից, չեն կիսում ընդհանուր լավատեսությունը։
«Ասել, որ մենք մոտենում ենք գործարքին, ուղղակի պատրանք է։ Մենք առերեսվել ենք ոչ թե գործարքի կամ իրական բանակցությունների, այլ ամերիկյան թելադրանքի պարտադրման հետ»,- AFP-ին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սամի Աբու Զուհրին:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ջիհադ Թահան էլ շաբաթ օրը Al Jazeera-ին պատմել է, որ Իսրայելը լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել հրադադարի շուրջ բանակցություններում եւ մեղադրել է վարչապետ Նեթանյահուին այդպիսով ձեռք բերված առաջընթացը չեզոքացնելու մեջ։