Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն Երեւանի բոլոր «ոչ ողջամիտ պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավականորեն հիմնավորված ձեւով»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Известия» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին հավատարիմ ենք այն գծին, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն անհիմն դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերցվեն»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Բայրամովը նաեւ նշել է, որ նման գործընթացը չպետք է տեղի ունենա հայտարարությունների եւ հռչակագրերի մակարդակով, այլ պետք է ամրագրվի իրավաբանորեն։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Բաքուն երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցությունների տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը ադրբեջանական կողմի համար միշտ էլ ընդունելի է եղել։
«Բանակցային գործընթացների համար հանդիպումների տարբեր ձեւաչափին մենք պատրաստ ենք։ Այդ նպատակով մենք օգտագործում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ եւ երկկողմ ձեւաչափը։ Մենք նաեւ երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը միշտ ընդունելի է եղել մեզ համար, եւ բնականաբար, այսուհետ մենք պատրաստ ենք օգտագործել այս հարթակը»,-հայտարարել է Բայրամովը։
Նշենք, որ Հայաստանը տարբեր մակարդակներով բազմիցս է հայտարարել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջականացնելու եւ ստորագրելու մասին։
Բաքուն էլ չնայած շարունակում է պնդել, որ խաղաղության պայամանգրի հետ կապված գրեթե բոլոր խոչնդոտները վերացած են, այնուամենայնիվ նոր պայմաններ է առաջ քաշում եւ հայտարարում, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, քանի որ այն իր մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
Ավելին, ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր օգնական Հիքմեթ Հաջիեւի մակարդակով արդեն առաջարկել է մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը նախաստորագրել դրա սկզբունքներն ընդհանրացնող նախնական փաստաթուղթ, որին հայկական կողմը դեռեւս չի արձագանքել։