Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ներկա վիճակին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է տրամադրել հնարավոր օգնությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքման համար։
«Մենք պատրաստ ենք նաեւ օգնել անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը, մարդասիրական կապերի հաստատմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դեմարկացիային ու դելիմիտացիային»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ հիշեցրել է, որ Մոսկվան ունի խորհրդային ժամանակների համապատասխան քարտեզներ, որոնք կարող են օգտակար լինել սահմանազատման հարցում։
«Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների խորքային շահերին»,-նշել է Պուտինը։