Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող կոմունիկացիաների բացման պայմանավորվածությունները։ Նման հայտարարություն նախօրեին հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը եւ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցող կոմունիկացիաներին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,-հայտարարել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքերով Մոսկված համոզված է, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն եւ տառին հետեւելն է, քանի որ դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն վերջնականապես։
Շարունակելով միտքը Լավրովն իր խոսքի եզրափակիչ հատվածում նաեւ հավելել է․ «Եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական»։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին նախ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, ապա նաեւ Հայաստանի արտգործնախարարությունն էր հաստատել, որ փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը։