Մոսկվան հուսով է, որ Երեւանը չի հրաժարվի իր համար շահեկան ԵԱՏՄ-ին մասնակցությունից՝ ներդրումներ եւ «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի ու Եվրամիության պատճառով։ Նման հայտարարություն РИА Новости-ի հետ զրույցի ժամանակ հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ: Միությունը ձեռնտու է Երեւանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցույց տալիս, որով քչերը կարող են պարծենալ»,-ասել է Աղասանդյանը։
Դիվանագետի խոսքերով Հայաստանը այժմ գայթակղված է ներդրումների, տեխնոլոգիաների եւ պայծառ ապագա խոստացող Արեւմուտքի խոստումներով։
«Այս մոտեցումը նրանց կողմից արդեն բազմիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Եվ մենք բոլորս գիտենք եւ տեսնում ենք, թե դրանից ինչ դուրս եկավ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենը։
Նախորդ տարվա նոյեմբերի 20-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երեւանում անցկացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը՝ կարեւորելով արեւմտյան ու ասիական երկրների հետ քաղաքականությունը։