-Ես ձեզ լսում եմ, ասեք։
-Չէ, քուրս, հըլը մոտիկ արի, բան ասեմ։
-Ասեք, լսում եմ։
-Վա՜յ դե, քուր ջան, եթե մտածում ես քովիդ-բա՜ն, ոչ մի բան չկա։
-Կասեք՝ ի՞նչ էիք ուզում ասել։
-Քուրս ուզում էի ասել, վերջում հաշիվը ինձ կտաս։
-Հա, ես էդպես էլ հասկացա։
-Բա որ հասկացել էիր, խի՞ մոտիկ չէիր գալիս․․․
Ծանոթացեք, հանդիպածս վատագույն հաճախորդներից էր, ես իրենց նմաններին սովորաբար անվանում էի «անուշ ախպերներ», ու չնայած սա իմ վերջին խոսակցությունն էր իրենց հետ, քանի որ մեր տղա մատուցողներից մեկին խնդրեցի, որ ինքը սպասարկի, շուտով անցնելիս տեսա, որ երեսունն անց ռուս մի կին նրա մոտ գնաց եւ մեր անուշ ախպերն ինչ-որ բան ասաց ու միասին հեռացան։
Երբ առաջին անգամ ընդունվեցի աշխատանքի, մտածում էի. «Դե լավ, ի՞նչը պետք է դժվար լինի, մոտեցար, պատվերը վերցրիր, բերեցիր ու վերջ»: Բայց կյանքը, սովորության համաձայն, սիրում է ծաղրել միամիտներին։
Մատուցողի աշխատանքն ասես մարաթոն լինի, որը պետք է վազես՝ միաժամանակ ձեռքիդ պահելով ափսեների մեծ սկուտեղը եւ զուգահեռ կողքի սեղաններից լսես․ «ինձ ջուր բերեք էլի»-ն ու ճանապարհի կեսին հասկանաս, որ չճշտեցիր ջուրը՝ սենյակային թե սառը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում էի սովորում, երբ որոշեցի մատուցող աշխատել։ Աշխատանքի ընդունման հարցազրույցը դասի ժամին էր, դասախոսիս գրեցի ու պատմեցի, որ ծնողներս դեմ են, ինքն էլ ասաց․ «Դա համարյա լրագրողական աշխատանք ա՝ լիքը մարդկանց հետ շփում»։
Ու հենց այդ մտքով էլ գնացի հարցազրույցի ու հետո աշխատելու, բայց պարզվեց, որ միայն շփումը չէր եւ առաջին օրն ութ ժամ մնացի ոտքի վրա, լսեցի տարատեսակ ուտեստների ու սուրճի տեսակների պատրաստման եղանակներ, որոնք պետք է, որքան հնարավոր է շուտ, անգիր անեի։ Երկրորդ օրը չէի ուզում գնալ, սակայն ֆինանսական անկախության ձգտող Աստղիկը ստիպեց գնալ, հետագայում էլ աշխատել եւս երեք այլ սրճարան-ռեստորաններում։
Նարեկ (անունը փոխված է) — «Սեռական կողմնորոշմանս պատճառով հարազատներիս հետ կռվեցի եւ իմ ծննդավայրից տեղափոխվեցի Երեւան, ուսանող էի, ոչ մի մասնագիտություն չունեի ու միակ ոլորտն էր, որ կարող էի աշխատել, որ կարողանայի ամբողջ ծախսերս հոգալ՝ տան վարձ, սնունդ եւ այլն»։
Աննա (անունը փոխված է) — «Ինչպես բոլորը, ես էլ սպասարկման ոլորտ գնացի փողի համար։ Ոլորտում աշխատող ընկերներս պատճառ դարձան, քանի որ պատմում էին, որ շատ գումար կա, ասում էին․ «Արի երկու ազատ օրով աշխատի, չորս օրում շաբաթական 40-47 հազար կստանաս», դե իսկ փողը միշտ էլ գրավիչ ու հաճելի ա»։
Ժամանակի ընթացքում հարմարվում ես ութ ժամ ոտքի վրա մնալուն, մենյուն էլ անգիր ես անում եւ սկսում ես ավելի ինքնավստահ սպասարկել։ Հետո ամեն բան դառնում է պարզ, հեշտ ու մեխանիկական։
Կանոններ եւ պայմաններ
Սպասարկման ոլորտն ամբողջովին կապված է էներգիայի հետ, դրական տալիս ես, դրական՝ ստանում, սակայն երբեմն որոշ հյուրեր մտադրված գալիս են հետդ կռվելու, ոմանք էլ մտածում են, թե դու իրենց կապույտ ջինն ես, նոր լամպից դուրս եկար ու ինչ ուզեն, կանես։
Առաջին գործողությունը՝ «Գուշակիր հյուրի տրամադրությունը»։ Մոտենում եմ ժպիտով, իսկ ի պատասխան ստանում եմ հայացք, որը բառացիորեն բղավում է. «Ո՞ւր է իմ ուտելիքը»: Այնուհետեւ սկսվում է «Միանգամից արա տասը բան» գործողությունը. մի հյուր խնդրում է մենյուն, մյուսը հարցնում է, թե ինչ ունենք առանց լակտոզայի, գլյուտենի, շաքարի եւ առանց ամեն ինչի, իսկ երրորդը երեք րոպե առաջ խնդրել էր իր հաշիվը եւ հիմա նայում է ինձ, ասես ես թռցրել եմ իր դրամապանակը։
Նարեկ — «Քանի որ առաջին աշխատանքս էր, ոչ մի բան չգիտեի ու ինչ պայման էլ ինձ առաջարկեին հաստատ կհամաձայնեի։ Սկզբում ամեն օր աշխատում էի, առանց հանգստյան օրերի, ֆուլերով (առավոտյան 11:00-ից մինչեւ 00:00) եւ շաբաթական լավագույն դեպքում ստանում էի 60.000 դրամ թեյավճար, իսկ աշխատավարձս կազմվում էր ըստ աշխատածս ժամերի, ժամավճարն էլ մոտ 200 դրամ էր։ Ամիսը մոտ 80-100 հազար դրամ էր ստացվում»:
Աննա — «Ես պայմանագիր չունեմ, ու գիտեմ որ շատ տարածված խնդիր ա, բայց առանց պայմանագրի ինձ հարմար ա աշխատել, քանի որ կարամ ուղղակի ասեմ ու մի շաբաթ ասենք չգնամ գործի, չնայած նրան, որ մեր հաշիվներին եղել ա դեպք, որ գումար են փոխանցել որպես արձակուրդային ու մենք հետո էդ հետ ենք վերադարձրել տնօրինությանը։
Աշխատավարձն էլ ժամավճարով ա մոտ 430 դրամ, դրան գումարվում ա, թեյավճարն ու բոնուսները, որն էլ կազմվում ա վաճառքից, եթե շատ ժամեր ես աշխատել, ուրեմն շատ կստանաս»:
Արման (անունը փոխված է) — «Մեր մոտ 8 ժամի համար վճարում էին 5000 դրամ, հետո բարձրացրին ու ժամը մոտ 800 դրամ էր։ Աշխատավարձը քարտին նստում էր սահմանված մինիմալի չափով, իսկ մնացածը մեզ կանխիկ էին տալիս»:
Կան օրվա ժամեր, երբ ռեստորանը լիքն է, մենք ասում էինք դրան «պիկ»։ Վազում էինք օլիմպիական վազորդների պես՝ հայհոյելով մեր կոշկակարներին, որ կոշիկները արագության կոճակ չունեն, հետո երազում ես ութոտնուկ դառնալ, որպեսզի ավելի լավ գլուխ հանես, եւ հանկարծ ինչ-որ մեկը կանգնեցնում է հարցով ու հա, դե, իհարկե, ես նաեւ սոմելյե-պատմաբան եմ:
Ութ ժամյա գրաֆիկում ունենում էի մոտ երեք հանգստի հնարավորություն՝ տասնհինգ րոպեով, որոնցից մեկի ընթացքում էլ պետք է հասցնեի սնվել, ու եթե բախտս բերում էր ու այդ օրվա անձնակազմի ուտելիքը համով էր լինում, ապա դա, եթե չէ, նաեւ վազում էի դիմացի խանութ կամ պատվիրում էի։
Նարեկ — «Մենք ունենում էինք միայն մեկ ընդմիջում՝ 15 րոպեով, որի ընթացքում էլ սթաֆ ֆուդն էին տալիս, որի չափաբաժինն էնքան փոքր էր, որ ուտեիր-չուտեիր մեկ ա սոված էիր մնում»:
Սպասարկման ոլորտում ծխողների բախտը բերում էր, քանի որ իրենք նաեւ ունենում էին հավելյալ ընդմիջումներ ծխելու համար։ Ես չէի ծխում, բայց ժամանակի ընթացքում ես էլ սկսեցի «ծխելու» գնալ, որի ընթացքում ուղղակի հանգստանում էի։
Սպասարկելիս հանդիպում ես տարբեր մարդկանց, որոնք խոսում են ամենատարբեր լեզուներով՝ չէ, խոսքը օտար լեզուների մասին չէ, այլ իրենց հասկանալու։
Մի անգամ մի խումբ աղջիկներ (ավելի կոնկրետ՝ վեց հոգի) ջուր եւ ուտելիք պատվիրեցին, բաժակներն ու ափսեները դրեցի, ջուրը տվեցի, գնացի եւ կարծես, ոչ մի վատ բան կանխատեսել պետք չէր, երբ նորից ջուր պատվիրեցին, բայց, ավաղ, նրանք ասացին, որ իրենց ջրի բաժակները փոխեմ, վեցինն էլ, որ այս նոր ջուրը, նոր բաժակներով խմեն։
Արման — «Մենք Երեւանի ավագանու անդամ ունեինք, որն անընդհատ գալիս էր մեզ մոտ ու սեղանի մոտ ծխում էր, մի քանի անգամ զգուշացրինք, որ չի կարելի ծխել, հետո հասկացանք, որ ինքն ուղղակի թքած ունի մեր վրա, դե մենք էլ իրա։
Մի անգամ էլ քաղաքապետի հետ եկավ, մեր աշխատողներից մեկն ասել էր, որ չի կարելի ստեղ ծխել, ավագանու անդամն էլ ասեց՝ նորմալ ա, մատուցողն էլ լիբանանից էր, չգիտեր իրանց ու շարունակեց, որ նորմալ չի, չի կարելի ու նենց արեց՝ քաղաքապետը գնաց աղբամանի մոտ ծխելու»:
Բացասականից զատ՝ հյուրերի հետ նաեւ դրական պատմություններ են լինում։ Օրինակ մի անգամ սպասարկեցի ռուսների սեղան, մի տղա էր եւ երեք աղջիկ։ Այդ օրը շուտ դուրս եկա աշխատանքից, որից հետո մեր մյուս մատուցողն ուղարկեց այս նամակը, որը փոխանցել էր սեղանի ռուս տղան։
Արման — «Մենք շատ լավ մշտականներ ունենք, որոնց հետ ընկերացել ենք ու երբ գալիս են, մեզ էլ նստացնում են հետներն ու խմցնում, այ իրանց շատ ենք սիրում։
Մի անգամ էլ հյուրերից մեկի հետ կռվեցի, հարբած էր, բայց հաջորդ օրն եկավ, ասեց՝ կներես, որ խմած էի, հիմա դուրս արի գործից, գնում ենք խմելու, իսկ ես հաջորդ օրը քննության էի, մի խոսքով գնացինք փաբ ու երեք ժամ հարբեցինք, հետո տաքսի կանչեց ու ճանապարհեց ինձ տուն»:
Նարեկ — «Սպասարկման ոլորտի շնորհիվ շատ մարդկանց հետ եմ ծանոթացել, հյուրերից ոմանց հետ էլ ընկերացել եմ եւ այլ սրճարաններում, երբ տեսնում են, տեղս հաշիվ են փակում, կամ ասենք ինչ-որ բան են հյուրասիրում»:
Աննա — «Մեր հյուրերից մեկն էլ, անընդհատ երբ անցնում էի, կանչում էր ու ինչ-որ բան պատվիրում, հետո գրիչ խնդրեց, տվեցի, վերջում գնալիս, ասում ա․ «Եկեք էս գրիչը մնա ինձ, իսկ դրա փոխարեն ես ձեզ տամ այս թուղթը», վերցրի, մեկ էլ տեսնեմ բանաստեղծություն ա գրել, գործընկերներիս հետ սկսեցինք կարդալ, հումորներ անել ու ծիծաղել, վերջում պարզվեց ինքը կողքից էդ ամենը տեսել էր ու դրանից հետո էլ ընդհանրապես մեր մոտ չեկավ»:
Պոտենցիալ թեյավճար տվող հյո՞ւրը
Ժամանակի ընթացքում մատուցողները հյուրին նայելով կարողանում են հեշտությամբ գուշակել՝ թեյավճար կթողնի՞, թե՝ չէ։ Անգամ կարողանում են նկարագրել, թե ինչպիսին է թեյավճար տվող հյուրը։
Արման — «Էդ մարդը ոչ տիպիկ դեմք ունի, մի քիչ երկար մազեր, հստակ գիտի, թե ինքն ինչ ա ուզում ու պատվիրում ա շատ արագ ու ինքը նորմալ կընդունի, եթե դու ինչ-որ բան մի քիչ ուշ բերես, ու երբեք մունաթ չի գա»:
Նարեկ — «Հյուրերի մի տեսակ կա, իրանք սենց բավականին քյարթ են, հետդ դու-ով են խոսում, վատ շփվում, մտածում են, թե դու իրանց ծառան ես ու դու էլ էս ամենից նեռվայնացած իրան սկսում ես վատ սպասարկել, բայց ինքն ամեն դեպքում իրա պատվի համար կամ զուտ ընկերներին ցույց տալու համար թեյավճար թողում ա»:
Աննա — «Եթե դու ժպտերես ու ասող-խոսացող աղջիկ ես ուրմեն մեծ փորով ձյաձերը քեզ հաստատ թիփ (թեյավճար) կթողեն, նու իմ մոտ տենց ա։ Նաեւ երբ ասենք զույգ ա գալիս, տղաները հաճախ իրանց ցույց տալու համար կարան շատ թիփ թողեն, բայց դե էդ միշտ չի տենց, ասենք եթե գնացին կասսայում փակելու, ուրեմն թիփի հույս ունենալ պետք չի։
Մենք հաճախ երեխեքով գործի ընթացքում նայում ենք սեղաններին ու սկսում գուշակել, իրանք մի երկու հազար կթողե՞ն, էս որ հազար թողի, լավ ա, չէ, սրանք չեն թողի ու էսպես»:
Սպասարկման ոլորտ = ճահի՞ճ
Ես ընդհանուր առմամբ աշխատեցի մոտ կես տարի։ Ընդունվելիս եւ ամբողջ ընթացքում լսում էի․ «Երկար չմնաս, էս ճահիճ ա» արտահայտությունն ու հանդիպում մարդկանց, որոնք 10-20 տարուց ավելի աշխատում են սպասարկման ոլորտում։
Ինչո՞ւ դուրս չեն գալիս՝ կհարցնի սպասարկման ոլորտում չաշխատող մարդը, սակայն աշխատողներին բարդ է հրաժարվել մեծ գումարներից, իսկ այնտեղ իրոք գումար շատ կա, բայց նաեւ բարդ ու անմարդկային պայմաններ են։
Պատկերացրու ամբողջ օրը ոտքի վրա ես եղել, մի սրահից մյուսն ես վազել, ու տասնհինգ րոպե հանգստացել, գրավիչ չի, համաձայն եմ, բայց պատկերացրու, որ ամեն օրվա վերջում 12000-18000 թեյավճար ես ստանում, ամսվա վերջին աշխատավարձ (մոտ 80000-100000), ինչպես նաեւ բոնուս (միջինը՝ 60000), կարծես վատ կողմերը միանգամից քողարկվում են, դու միշտ գումար ունես, չես սպասում ամսվա վերջին ու կարող ես քեզ թույլ տալ այն ամենն, ինչ կուզես։
Արման — «Սպասարկման ոլորտում մնում են, որովհետեւ էնտեղ աշխատելու համար ոչ մի տաղանդ կամ կրթություն պետք չի, ուղղակի ուտելիքները հասցնում ես տեղ ու վերջ, վերջում էլ ստանում ես միջինից ահագին բարձր աշխատավարձ ու դու չես էլ մտածում, որ կարող ես ինչ-որ այլ բան անել, քանի որ գործի ընթացքում էնքան ա միտքդ հոգնում, որ էլ ոչ մի բանի մասին չես մտածում»:
Նարեկ — «Մատուցողների մեծ մասը սովորում ա էդ լավ փողին ու էլ չի էլ նայում իր մասնագիտական կրթությանն ու մասնագիտությամբ աշխատելուն։ Քանի որ սպասարկման ոլորտում ստանում են շատ գումար, իրենց թույլ են տալիս ամեն բան, իսկ իրենց մասնագիտական աշխատանքը հիմնականում շատ ցածր ա վարձատրվում, ինչպես նաեւ շատ բարդ ա հետ սովորել նրան, որ դու ամեն օր գումար չես ստանալու, այլ ասենք ամսվա վերջին ու մի անգամ, գումարած դրան էլ էնքան քիչ, որքան դու կաշխատեիր մեկ շաբաթում»:
Աննա — «Հեշտ գումար՝ առանց կրթության, ամսական 500-600 հազար ստանում ես ու երբ էդ փողի համն առնում ես, էլ չես ուզում դուրս գալ, ուղղակի էդ շատ վատ ա, մի հատ սիրուն բառ կա՝ լճանալ, դու լճանում ես էդ ոլորտում։
Ու եթե մարդիկ ասում են՝ գնամ մի երկու ամիս աշխատեմ, դուրս գամ, չկա տենց բան, ես արդեն երկու տարի ա էս ոլորտում եմ, ճահիճ ա, չի թողում դուրս գաս: Կարիերայի աճ էլ չկա, եթե դու մատուցող ես, ուրեմն մատուցող ես ու վերջ»:
Հ․Գ. Գլխավոր նկարի աղջկան (ինձ) նկարել էր մեր հյուրերից մեկը եւ աշխատանքի ընթացքում փոխանցել։
Մուլտիմեդիա լրագրող եմ: Ավելի հաճախ պատմում եմ մարդկանց մասին։ Երբ խոսքը, պատկերն ու ձայնը միանում են, ստացվում են ազդեցիկ պատմություններ: