Գյումրու սրտում փլվող-քայքայվող «Վառեմ-մարեմ» շենքի դիմաց արդեմ մեկ շաբաթ է, ինչ Արթուր Ադանյանը վրանը տեղադրել, հացադուլ է անում:
Արթուրն իրեն ներկայացնում է որպես անկուսակցական, ոչ քաղաքականացված, Գյումրու հոգսով ապրող քաղաքացի, վստահեցնում է՝ պաշտոնի չի ձգտել, չի էլ ձգտելու:
Ըստ հացադուլավորի քաղաքի խորհրդանիշ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի իսպառ ոչնչացման հետհաշվարկն սկսված է, հապաղելու ժամանակ չկա: Սկզբում որոշել է ստորագրահավաք անել, ապա մտափոխվել, ավելի ծայրահեղ քայլի է դիմել: «Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը մտածում-մտածում, ծրագրեր առաջարկում, բայց բան չի անում. շենքն օր-օրի բոլորիս աչքի առաջ հողին է հավասարվում»,-ասում է Արթուրը:
Հարցին, թե իրատեսակա՞ն է հացադուլի միջոցով շենքը փրկելն, Ադամյանն ասում է՝ ինքն էլ է գիտակցում, որ դրա համար տարիներ է պետք. «Այս պահի համար առաջարկում եմ, միջազգային փորձը հաշվի առնելով, երկաթե կաղապարի մեջ առնել շենքը: Նախ փրկե՛ք այն, ինչ մնացել է, հետո նոր որոշեք՝ ինչ եւ ում միջոցով եք կառուցելու, ինչ հաստատություններ եք տեղակայելու շենքում»:
Արթուրը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի դեռ հստակ, փատաթղթավորված գործ չի տեսել։ Ըստ նրա՝ անտարբերությունը կշարունակվի, եթե ավելի ռադիկալ քայլերի չլինեն:
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ շենքի վերականգնման հարցն այս պահին Կառավարության եւ ներդրողի սեղանին է, մոտ ապագայում արդեն վերջնական տեսքի բերված Կառավարության որոշման նախագիծ կունենան:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեից շենքը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այնուհետեւ բարեգարծական կազմակերպությունը մինչեւ 2027 թվականը պատմական կառույցն ամրացնելու է: Որպես ներդրող նշվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, գյումրեցի Պետրոսյան եղբայրների անունները:
Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ»-ի վերակառուցման բազմաթիվ ծրագրեր են գրվել ու մնացել թղթի վրա:
Մնում է միայն հուսալ, որ «Վառեմ-մարեմի» փրկության վերջին հույսը չի մարի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։