Երեւանը պաշտոնական ծանուցումներ չի ստացել Մոսկվայից Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող հայկական կոնյակի որակի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին TACC-ին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
«Մենք ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- հայտնել են նախարարությունից, եւ հավելել, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կանեն փաստերին ծանոթանալուց հետո։
Ավելի վաղ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան եւ Ռուսաստանի Դաշնության Կոնյակ արտադրողների միությունը համատեղ ուսումնասիրություն էին անցկացրել եւ նշել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չեն, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողային ծագում ունեցող սպիրտներ:
Պարզաբանման մեջ նշվում է, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշերի կոնյակի 200 նմուշ 10 խոշորագույն հայկական արտադրողներից։ Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ ցանցերի մեծ մասի խանութներից եւ վերլուծության են հանձնվել Գարեջրագործության, ոչ ալկոհոլային եւ գինեգործական արդյունաբերության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
Այս առնչությամբ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիա դիմումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն եւ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու խնդրանքով։