Ադրբեջանը հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Բաքուն այս ցանկության մասին հայտարարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 19-ին Ադրբեջան կատարած պետական այցից մեկ օր անց։
«Ադրբեջանն արդեն պաշտոնական դիմում է ներկայացրել»,- ասել է Հաջիզադեն։
ԲՐԻԿՍ-ը միջպետական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Դրանում ներառված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ավելի վաղ կազմակերպությանը միանալու պաշտոնական հայտ ներկայացրել էին նաեւ Ալժիրը, Արգենտինան, Բանգլադեշը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Վիետնամը, Կուբան, Հոնդուրասը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Քուվեյթը, Մարոկկոն, Նիգերիան, Պաղեստինը, Սենեգալը եւ Թաիլանդը։
Կազմակերպությանը միանալու Ադրբեջանի շահագրգռվածութան մասին հայտարարվել էր նաեւ Բաքվում կայացած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի համատեղ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է Շանհայի համագործակցության Կազմակերպությունում Ադրբեջանի Հանրապետության կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաեւ նրա շահագրգռվածությանը ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության ամրապնդման հարցում»,-ասվում էր Պուտինի եւ Ալիեւի համատեղ հայտարարության տեքստում:
ԲՐԻԿՍ-ին միանալու Բաքվի շահագրգռվածության մասին նախորդ շաբաթվա վերջին, որն համընկնում էր Պուտինի այցի օրվա հետ, հայտարարել էր նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։
«ԲՐԻԿՍ-ին միանալ ցանկացողների երկար շարան կա: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել»,- ասել էր դեսպանը։
Նա նշել էր նաեւ, որ Մոսկվան եւ Բաքուն երկար ժամանակ է քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այսինքն՝ ԲՐԻԿՍ-ին դիմելը պետք է դիտարկել որպես այս ուղղությամբ կատարվող քայլ։
Հուլիսի սկզբին Ադրբեջանը եւ Չինաստանը համատեղ հռչակագիր էին ընդունել ռազմավարական գործընկերության հաստատման մասին, որում ադրբեջանական կողմը ցանկություն էր հայտնում միանալ ԲՐԻԿՍ-ին, իսկ չինական կողմը ողջունում՝ Բաքվի հետ փոխգործակցությունը կազմակերպության շրջանակներում։