«Տոննաներով սալորն ու դեղձը մնացել է այգում, չենք կարողանում իրացնել։ Առաջ «Սպայկային» էինք վաճառում բերքը, բայց հիմա ո՛չ գալիս են, ո՛չ էլ գնում։
Տեղյակ եմ, որ դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված՝ խնդիրներ կան, քանի որ պտուղ-բանջարեղենի մեջ արգելված նյութեր էին հայտնաբերվել։ Արտահանում կազմակերպող խոշոր ընկերությունները բերքը չեն գնում, մենք էլ շվարել ենք»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայրում ապրող Էդիկ Ավագյանը։
Նա չորս հեկտար սալորի ու դեղձի այգի ունի։ Ավագյանը մեծ գումարներ է ծախսել այգին մշակելիս․ թունաքիմիկատներ, պարարտանյութ է գնել, ոռոգման ջրի համար վճարել․․․ Այս տարի, սակայն, անգամ ծախսած գումարը չի կարողանա վաստակել։
Նախկինում շուկաները շատ էին, բայց մի մասը ժամանակի ընթացքում փակեցին (այդ թվում՝ ժողովրդին հայտնի՝ Պրոսպեկտի, Երրորդ մասի, Զեյթունի շուկաները): Այժմ քիչ շուկաներ են մնացել, որտեղ հիմնականում վերավաճառողներն են։ Գյուղացիները բերքը ո՛չ տեղական շուկայում էլ չեն կարողանում իրացնել։
«Մոտ մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, թե «Սասունցի Դավիթ» կայարանին հարակից շուկան փակվելու է, իսկ հետո տաղավար զբաղեցնելու համար սահմանված վճարը թանկացրին։ 3000-5000 դրամ պետք է վճարես, որ կանգնես, բերքդ վաճառես՝ այն էլ առանց մեքենայի։ Եթե մեքենադ էլ կայանես, 8000 դրամ պիտի վճարես, մինչդեռ նախկինում 1000-1500 դրամ էինք մուծում, մեքենան կանգնեցնում, բերքը վաճառում, հսկիչն էլ գալիս, տեսնում էր՝ եթե ապրանքը քիչ է, ասում էր՝ 1000 դրամ վճարեք»,- պատմում է այգեգործը։
Եթե գյուղացին հազիվ կարողանում է մի քանի արկղ բերք վաճառել 150-180 դրամով, ինչպե՞ս պիտի այդքան գումար վճարի տաղավարի համար։ Ավագյանը երեկ բերքը շուկա է տարել, 30-40 տոկոսը չի վաճառվել, ստիպված 40 դրամով հանձնել է պահածոների գործարան։ Այգեգործը շուկայից դուրս գալիս առավոտյան նկատել է, որ Երեւանի փողոցներից մեկում վերավաճառողները դեղձը 500 դրամով են ծախում։ Զայրանում է՝ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղացիներն ընտիր բերքի մի մասը հազիվ 150 դրամով են իրացնում, իսկ վերավաճառողներն այդքան թանկ գին են սահմանում։ Ավագյանի այգում հիմա շուրջ երեք տոննա սալոր է մնացել, 2-3 տոննա դեղձ։ Ափսոսում է․ բերքի մի մասը լցվում է ծառերի տակ, հավաքում են ու «ջրի գնով» հանձնում։
««Սպայկան» բերքը 200-250 դրամով էր գնում, իսկ հիմա գյուղում անհատներ կան, որոնք պտուղ-բանջարեղեն են արտահանում։ Ասում են՝ դեղձը 120 դրամով ենք գնում, բերքի ընդհանուր քաշից հանում են տարաների քաշը՝ չափից շատ, հետո էլ գումարն են կլորացնում, եւ ի վերջո վաճառքի իրական գինը 80 դրամ է դառնում։
Պահածոների գործարանն էլ որոշ անհատների հետ պայմանագրեր է կնքել։ Պայմանագիր ունեցողներից ոմանք իրականում մեծ այգիներ չունեն կամ այգետեր չեն։ Նրանք մեզնից դեղձը գնում են 40 դրամով ու տանում, հանձնում գործարան 70 դրամով»,- ասում է Ավագյանը։
Նա հույս ունի, որ լրատվամիջոցում այս հարցերը բարձրացնելու դեպքում պատկան մարմինները խնդրի լուծման ուղիներ կգտնեն։ Այս տարի շատ այգեգործներ շահույթ չեն ստանա, ավելին՝ վնասներ կկրեն։ «Էլ չեմ խոսում մեր կատարած աշխատանքի, չարչարանքի մասին…»,- հավելում է Էդիկ Ավագյանը։ Նա արդեն հույս չունի, որ առաջիկա օրերին ռուսական կողմն արգելքը կհանի, խոշոր արտահանողներն էլ կգան, կգնեն բերքը։
Հուլիսի 17-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ էր ստացել։ Նշվում էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում հայտնաբերել են արգելված նյութեր։ Ռոսսելխոզնադզոր որոշում էր կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակել։
Փորձեցինք պարզել՝ որո՞նք են այդ ընկերությունները, այժմ բանակցություններ ընթանո՞ւմ են ռուսական կողմի հետ, հայկական 16 կազմակերպությունները ե՞րբ կկարողանան կրկին պտուղ-բանջարեղեն արտահանել։
«Արտահանող 16-ից ինը քաղաքացիներ են, մեկն՝ անհատ ձեռնարկատեր, վեցը՝ կազմակերպություն։ Ռուսական կողմը ներմուծված ապրանքների մեջ հայտնաբերել էր պեստիցիդների ազդող նյութերի մնացորդներ, որոնց քանակը գերազանցել է ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված թույլատրելի շեմը: Դեպի Ռուսաստանի Դաշնություն գյուղմթերքի արտահանումներն այլ կազմակերպություններն անարգել շարունակում են»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ տեղեկացրել է ՍԱՏՄ-ն։ Արտահանող կազմակերպությունների անունները չեն նշվել։
«Ռոսսելխոզնադզոր»-ի եւ Տեսչական մարմնի ղեկավարների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հանվել է մեկ ՍՊԸ-ի արտահանման սահմանափակումը, որը նաեւ խոշոր արտադրող է։ Մնացած կազմակերպությունների նկատմամբ արգելանքի վերացման վերաբերյալ երկու գերատեսչությունների ղեկավարների տեղակալները եւ վարչությունների պետերը շարունակում են բանակցել:
ՍԱՏՄ-ն վստահեցնում է, որ, անկախ վերոնշյալ խնդրից՝ Հայաստանը թարմ պտուղ–բանջարեղեն է արտահանում Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա, ԱՄԷ, Լատվիա, Լեհաստան, Ուզբեկստան, Կատար, Գերմանիա, Թուրքմենստան։ Տեսչական մարմինը աշխատանքներ է իրականացնում դեպի ՉԺՀ, Իսպանիա եւ ԱՄՆ բուսասանիտարական ենթահսկաման բեռների արտահանման հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ մեր երկրից պտուղ-բանջարեղենի մեծ մասը հենց Ռուսաստան է արտահանվում եւ վերոնշյալ ընկերությունների արտահանման սահմանափակումն իր բացասական ազդեցությունն է թողել․ գյուղացիները չգիտեն՝ ինչպես իրացնել բերքը։
Տեղեկություն ստանալու հարցում էինք ուղարկել նաեւ Էկոնոմիկայի նախարարություն՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք ուսումնասիրություններ կատարվել են, թե ռուսական կողմի ներկայացրած արտահանման արգելքից հետո հայկական շուկայում պտուղ-բանջարեղենն ինչպե՞ս է իրացվում։ Եթե բերքի վաճառքի հետ կապված՝ կան խնդիրներ, ապա նախարարությունը լուծման ի՞նչ ուղիներ է գտել։ Նախարարությունից պատասխանել են՝ այդ հարցերի պատասխանները նախարարության գործառույթներից դուրս են։ Վերոնշյալ հարցերն ուղղել էինք նաեւ ՍԱՏՄ-ին եւ ստացել նույնաբովանդակ պատասխան։
2019 թվականին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում ստեղծվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այսինքն՝ գյուղոլորտին առնչվող հարցերը պետք է կանոնակարգի հենց այս գերատեսսչությունը, բայց վերոնշյալ հարցերի պատասխանները, փաստորեն, նրա գործառույթներից դուրս են։
Հռետորական հարց է առաջանում. այդ դեպքում ո՞ւմ ուղղել այս հարցերը։
Ի վերջո, ինչպես այգեգործ Էդիկ Ավագյանն է ասում, գյուղացու խնդիրների մասին ո՞վ է մտածում, նա ո՞ւմ պիտի դիմի, որ իր խնդիրները լուծվեն, որ տարիներով շահած-պահած այգու որակյալ բերքն իրացվի, չլցվի ծառերի տակ…
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։