Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Կուրսկի մարզի վեց շրջաններում եւ մեկ քաղաքում, տասը տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրությունները հետաձգելու մասին։ Այդ շրջաններում այժմ ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի Զինված ուժերը։
Սեպտեմբերի 8-ին ՌԴ-ում համընդհանուր քվեարկությանը օրը նշանակված ընտրությունները չեն կայանա Բելովսկի, Բոլշեսոլդացկի, Գլուշկովսկի, Կորենեւսկի, Սուդժանսկի, Խոմուտովսկի շրջաններում եւ Լգով քաղաքում։
«Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը կվերսկսվի ընտրողների անվտանգության լիակատար երաշխիքի ներքո»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի չեղարկել Կուրսկի շրջանի նահանգապետի ընտրությունները։ Դրանք հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն վաղաժամ՝ օգոստոսի 28-ից։
Նախօրեին «Верстка» պարբերականը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են Կուրսկի մարզում ընտրությունները տեղափոխել մինչեւ 2025 թվականը՝ «տարածքային անորոշության» պատճառով։
Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ից հարձակողական գործողություններ են իրականացնում Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են մարզի 92 բնակավայրեր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Օգոստոսի 10-ից Կուրսկի, Բելգորոդի եւ Բրյանսկի շրջաններում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։