Ադրբեջանը հաստատել է, որ ՄԱԿ կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29), որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում, հրավիրել է նաեւ Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։
Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքուն պատրաստ է հյուրընկալել մոտ 80 հազար մարդ։
«Մենք ունենք ենթակառուցվածք՝ օրական մոտ 40 հազար հյուր ընդունելու համար։ Հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Ավելի քան 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,-ասել է Սոլթանովը։
Նա նաեւ հայտարարել է, որ աշխարհում հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին կոնֆերանսի անցկացման ժամանակահատվածում Բաքուն հրադադարի կոչ կանի։
«Կլիմայի եւ խաղաղության փոխկապակցվածության հարցը նույնպես Ադրբեջանի առաջարկների թվում են։ COP29-ի ընթացքում մենք կոչ ենք անելու հրադադար հաստատել ամբողջ աշխարհում, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ էր»,-ասել է Սոլթանովը։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացրել էր 2023 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։
Որոշումն ընդունվել էր այդ թվում պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։