Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը նախօրեին հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին TACC-ին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երեւանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի եւ այդ ամենը կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Գլազը նաեւ նշել է, որ հայկական կողմին ընդգծվել է ընդունվող պետության՝ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության, նրա ունեցվածքի, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը սահմանված եւ համընդհանուր ընդունված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան ապահովելու պարտավորության մասին։
«Բելառուսական կողմը ելնում է նրանից, որ վանդալները կբացահայտվեն, պատճառված վնասը կփոխհատուցեն եւ կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասելէ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները ձվեր եւ լոլիկ են նետել Երեւանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա՝ այդպիսով բողոքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռուսական «Առաջին ալիքի» հետ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունների դեմ, թե «ում են պետք հայերը մեզնից բացի»։