ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Գազայի հատվածում հրեական պետության եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի համաձայնագրի վերջնական հաստատման հրատապության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահն ընդգծել է հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու հրատապությունը եւ քննարկել է Կահիրեում սպասվող ապագա բանակցությունները՝ նպատակաուղղված մնացած բոլոր խոչընդոտները վերացնելուն», — ասվում է նա հայտարարությունում:
Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ Իրանից եւ տարածաշրջանում նրան ենթակա ուժեր համարվող ՀԱՄԱՍ-ից, լիբանանյան շիական «Հեզբոլլահից» եւ Եմենի «Անսար Ալլահից» բխող բոլոր սպառնալիքներից Իսրայելին պաշտպանելու ԱՄՆ-ի միջոցները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակելուն ուղղված բանակցությունների նոր փուլը։
Հանդիպումից հետո հակամարտող կողմերի միջեւ որպես միջնորդ երկրներ հանդիսացող Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը, մինչեւ շաբաթվա վերջ անցկացնել Կահիրեում։
Ինչպես նշվում է տեքստում, տեխնիկական խմբերն առաջիկա օրերին կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներն, որոնց թվում կլինեն Գազայի հատվածում պահվող պատանդների եւ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների փոխանակման, ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցրեը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էլ ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Գազայում հրադադարը գնալով առավել իրատեսական է դառնում եւ նախազգուշացրել էր Մերձավոր Արեւելքի կողմերին չխաթարել համաձայնության հասնելու համար ընթացող բանակցությունները: