Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան չի խորհրդակցել Բեռլինի հետ՝ Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների ծրագրի շուրջ։ Կանցլերը նաեւ հույս է հայտնել, որ նամն ռազմական գործողությունը սահմանափակ կլինի ժամանակով եւ տարածքով, հաղորդում է Reuters-ը։
Քիշնեւում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը ուշադիր հետեւում է հարձակման շուրջ հետագա զարգացումներին։
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները երկրի ղեկավարությունն անվանել է հարձակողական գործողություններում հաջողության հասնելու ընդունակության ապացույց, նշում է Reuters-ը։
«Ուկրաինան իր ռազմական գործողությունը Կուրսկի շրջանում նախապատրաստել է խիստ գաղտնիությամբ եւ առանց հետադարձ կապի, ինչը, անշուշտ, պայմանավորված է իրավիճակով», — ասել է Շոլցը: Ըստ նրա՝ սա սահմանափակ գործողություն է տարածության եւ գուցե նաեւ ժամանակի առումով։
Կանցլերը նաեւ ընդգծել է, որ Գերմանիան կմնա Եվրոպայում Ուկրաինայի ամենամեծ աջակիցը:
Վերջին շրջանում Բեռլինը որոշակիորեն չափավոր քաղաքականություն է փորձում վարել Ուկրաինային աջակցելու հարցում։ Շոլցի կառավարությունը, որը որը դժվարություններ ունի երկրի բյուջեի համաձայնության շուրջ, ծրագրում է կրկնակի կրճատել Կիեւին ուղղված իր աջակցությունը հաջորդ տարի։ Միեւնույն ժամանակ Գերմանիան հույս ունի, որ նման կրճատումները կփոխհատուցվեն Ուկրաինային 50 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրելու G7-ի ծրագրով:
Շոլցն իր ելույթում հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցները G7-ի երկրների կողմից փոխհատուցում տրամադրելու համար օգտագործելու ծրագիրը «տեխնիկապես բարդ է, բայց քաղաքականապես պարզ», եւ որ Ուկրաինան զգալիորեն մեծ աջակցություն կստանա այդ ծրագրի շրջանակներում, նշում է Reuters-ը:
«Հաշվի առնելով 50 միլիարդ դոլարը՝ ազգային մակարդակով տրամադրված միջոցների հետ մեկտեղ, դա կլինի ավելին, քան Ուկրաինային տրամադրվում էր ընթացիկ ծրագրով»,-ասել է Շոլցը: