Ռուսաստանի Կուրսկի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Կողմերը շարունակում են առաջնագիծ ռեզերվների տեղափոխումը, վերախմբավորումն ու զբաղեցրած դիրքերի ամրապնդումը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսական տելեգրամյան ալիքներն էլ գրում են Ուկրաինայի զինված ուժերի դեպի Կորենեւո շրջկենտրոն ուղղված շարունակական կողային հարձակումների մասին։ Հաղորդվում է, որ ուկրաինական ստորաբաժանումները փորձում են հարավ-արեւմուտքից ներթաձանցել եւ ամրանալ Կոմարովկա, իսկ հյուսիս-արեւմուտքից Օլգովկա գյուղի մոտ։
Գնալով դժվարանում է Սեյմ գետից հարավ գտնվող սահմանային տարածքը պաշտպանող ռուսական խմբավորման դրությունը։ Ուկրաինայի ԶՈւ կողմից գետի վրայով անցնող բոլոր երեք կամուրջների խոցումից հետո, ձախ ափին գտնվող ռուսական ստորաբաժանումները հայտնվել են մեկուսացման մեջ, իսկ արհեստական անցումներ ստեղծելու փորձերը ձախողվել: Ուկրաինական բանակն առայժմ այս ուղղությամբ ակտիվ հարձակողական գործողություններ չի իրականացնում, սակայն սահմաննի ուղղությունով կամ արեւելքից ցամաքային գործողություններ սկսելու դեպքում, որտեղ ուկրաինական կողմը այժմ դիրքեր է զբաղեցրել, կարող է դժվարանալ մեկուսացված ռուսական ստորաբաժանումների մատակարարման հարցը։
Տեղային մարտերը շարունակվում են նաեւ Սուջա քաղաքից արեւելք ընկած հատվածներում։ Դատելով Ռուսկայա Կոնոպելկա — Ուլանոկ — Բորկի — Սպալնոե գյուղերի գծով հարձակումների մասին ռուս զինվորականների հաղորդումներից, այդ բնակավայրերը շարունակում են մնալ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Կուրսկում Բելգորոդի օրինակով սկսել են երկաթբետոնե ապաստարաններ տեղադրել։ Մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի խոսքով, ընդհանուր առմամբ 60 նման կառույց կտեղակայվի քաղաքի մարդաշատ վայրերում։ Երկաթբետոնե մոդուլներ նախատեսվում է տեղադրել նաեւ Կուրչատովում, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, եւ շրջանի հյուսիսում գտնվող Ժելեզնոգորսկ քաղաքում։
Ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ից հարձակողական գործողություններ են իրականացնում Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են մարզի 92 բնակավայրեր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Օգոստոսի 10-ից Կուրսկի, Բելգորոդի եւ Բրյանսկի շրջաններում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։