Հայաստանի հետ խաղաղության կողմնակից, Ադրբեջանում Իլահմ Ալիեւի ռեժիմի քննադատ եւ հայտնի ադրբեջանցի գիտնական Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է OC Media-ն, որի հետ նա համագործակցում էր։
Սամեդովի անհետացման մասին հաղորդումները հայտնվեցին չորեքշաբթի երեկոյան, երբ իր ընկերներն ու գործընկերները պատմել էին, որ նա չի ներկայացել նախատեսված հանդիպումներին եւ չի արձագանքել հաղորդագրություններին:
Արդեն այսօր՝ օգոստոսի 22-ի առավոտյան նրա ընտանիքի անդամները հաստատել են, որ նա ձերբակալվել է նախօրեին երեկոյան, իսկ իրենց բնակարանը ենթարկվել խուզարկման։
Ինչպես Turan գործակալությանը պատմել է Բահրուզի տատիկ Զիբեյդան, ձերբակալությունից եւ խուզարկությունից հետո իրեն զանգահարել է Վաֆա անունով մի կին, ներկայացել որպես փաստաբան եւ հայտնել, որ Սամեդովը մեղադրվում է դավաճանության մեջ, քանի որ գտնվել են նրա նամակագրությունները հայերի հետ, որոնց հրահանգով իբր նա գրել է Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ։
«Բահրուզը եղել եւ մնում է կարեւոր ձայն խաղաղության հիմնախնդրի վերաբերյալ բանավեճերի եւ լրատվամիջոցների մեկնաբանության մեջ, եւ ես հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ազատ կարձակվի», — X-ի էջում գրել է Սամեդովին լավ ճանաչող եւ Արցախյան հակամարտությունն ուսումնասիրող բրիտանացի հետազոտող Լոուրենս Բրոերսը:
Անձամբ երիտասարդ գիտնականը, հայտնի է Հայաստանի հետ խաղաղասիրական հայացքներով։
Իրավապաշտպանները նշում են, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալուց ի վեր վերջին ամիսներին ամենախոշոր ռեպրեսիաներն են տեղի ունենում։ Նրանց տվյալներով, այժմ երկրում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչը երբեք չի եղել նրա կառավարման 20-ամյա ժամանակահատվածում։