Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարելիցի կապակցությամբ։
Հիշեցնելով, որ Հռչակագիրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Փաշինյանը նշել է, որ դրանով «Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին եւ արձանագրեց իր կամքը»:
«Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ եւ մինչեւ օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»,-նշել է վարչապետը։
Նա որպես օրինակ ներկայացրել է Հռչակագրի 5-րդ հոդվածը, որի համաձայն «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ»: Շարունակելով միտքը Փաշինյանը նշում է, որ չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Հայաստանի Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:
«Սա ուղղակիորեն եւ աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում։
Վարչապետը նաեւ նշում է, որ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, հայ ժողովրդի ինքնության եւ ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, իսկ 1990 թվականի օգոստոսի 23-ին այդ ինստիտուտների եւ գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձն է կատարվել՝ երկարատեւ դադարից հետո։
«Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումներն այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են, եւ ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ»,-նշել է Փաշինյանը եւ հավելել «Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, եւ մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձեւերը՝ հենց այսօր, հենց հիմա»:
Նշենք, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար գլխավոր նախապայման ներկայացնում է հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթը։