Ռուսական հարամանատարությունը որոշել է Դոնբասի ճակատից նոր ուժեր չտեղափոխել Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը կանգնեցնելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին, ով տեղյակ է հարցի շուրջ քննարկումների ընթացքին։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք ռուսական զորքեր, հավանաբար, հարավային եւ արեւելյան Ուկրաինայից տեղափոխվել են Կուրսկի մարզ, սակայն այդ զորքերը առաջնագծում չեն եղել:
Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գործողությունը, որը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը «անհարմար դրության մեջ է դրել Կրեմլին», իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «ողջ ուժերով պայքարում է արդյունավետ պատասխան կազմակերպելու եւ ներխուժումը հետ մղելու համար»։ Սակայն, միեւնույն ժամանակ, ռուս զինվորականները չեն փոխում Դոնեցկի շրջանը գրավելու իրենց ծրագրերը եւ չեն ծրագրում թուլացնել հարձակողական գործողությունները ռազմաճակատի այս հատվածում։
Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը առաջխաղացում են կատարել Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում, որը Դոնբասում ուկրաինական բանակի կարեւոր նյութատեխնիկական ապահովման հանգույցն էր: Տեղի իշխանություններն բնակիչներին արդեն կոչ են արել շտապ հեռանալ քաղաքից։
Պարբերականի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Յան Մատվեեւը կարծիք է հայտնել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի գրավված տարածքները վերադարձնելու համար ռուսական կողմից կպահանջվի 40-ից 50 հազար զինվորական։
Bloomberg-ի աղբյուրն էլ հայտնել է, որ հակահարձակողական գործողությունների մեջ Կրեմլը մտադիր է օգտագործել ժամկետային զինծառայողներին։ Պաշտոնապես Կուրսկի մարզում ժամկետային զինծառայողների տեղակայումը չի խախտում նրանց Ուկրաինա պատերազմի չուղարկելու մասին Ռուսաստանի իշխանությունների խոստումը։
Գերված ռուս ժամկետային զինծառայողների մասին տեղեկատվությունը սկսել է հայտնվել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առաջին իսկ օրվանից։