Թե ինչու է Շիրակի մարզի Ջրառատ գյուղը «Ջրառատ» կոչվում, մեծ հարց է. ի՞նչ ջրառատ, եթե 1500 հեկտար վարելահողերն անջրդի են՝ մշակվում են անձրեւի հույսով:
Ջրառատը Շիրակի մարզի հարավարեւելյան կողմի ամենածայրամասում է՝ սարերի ու բլուրների գագաթին: «Ջրով առատ չենք, բայց սրտերս է մեծ, մեր գյուղ մտնող յուրաքանչյուր հյուր դա զգացել է անմիջապես»-ասում է ջրառատցի Ահարոն Ոսկանյանը:
Նա պատմում է, որ նախկինում գյուղում չորս մեծ աղբյուր է եղել՝ սարերից իջնող պարզ ու սառնորակ ջրով ապահովել բնակիչներին օրը 24 ժամ: Հետագայում ջրագծերով ամեն մեկն իր տուն է հասցրել ջուրը, բայց ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ գլոբալ տաքացումն իր գործն արել է. խմելու ջուրը սակավացել է, ամռան ամիսներին երբեմն չի բավարարում գյուղի պահանջները:
Ոռոգման համակարգ գյուղում երբեք չի եղել՝ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս, ուղիղ սարերի գլխին են ապրում: Ջուր չլինելը սակայն պատճառ չէ, որ ջրառատցին հող չմշակի: «Հիմնականում վարսակ ենք ցանում, թեեւ քիչ, բայց բերք ստանում, անասնապահությամբ ենք զբաղվում»,- ասում է Ոսկանյանը:
Գյուղում այս ամառը տարբեր էր ամեն տարվանից: Շուրջ չորս տասնյակ ֆրանսիացի երիտասարդներ՝ տարբերվող արտաքինով, ջրառատցիներին անծանոթ վարքուբարքով, արդեն ամսից ավելի ապրում են Ջրառատում:
Երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են, «Այո» ֆրանսիական կազմակերպության անդամներ: «Շեն» ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում այս տարի Ջրառատ են եկել:
«Այո» ֆրանսիական կազմակերպությունը ինչպես Հայաստանի բազմաթիվ հեռավոր գյուղերում, այնպես էլ Ջրառատում մարզամշակութային ճամբարներ է կազմակերպել, խմբակների համար նախատեսված դահլիճն ու հանդերձարանն է վերանորոգել: Ներդրվող գումարներն ապահովել են Ֆրանսիացի եւ ֆրանսիայում ապրող երիտասարդների, ուսանողների փոքր հանգանակություններով: Շուրջ 15 հազար եւրո կազմակերպությունն է ներդրել, ֆինանսապես աջակցել է նաեւ Ախուրյանի համայնքապետարանը:
Խմբի անդամներից Կամիլը տպավորված է մարդկանց ջերմ ընդունելությունից, վստահեցնում է՝ որ գնալուց հետո իր կյանքում բան փոխված կլինի. «Մեր օրերում մարդկային այսքան ջերմություն ամեն տեղ չես գտնի»:
Ալիս Մարի Լուսյոն Ֆրանսիայի Լիոն քաղաքից է, խմբի հետ առաջին անգամ է գալիս Հայատան: Ճամբարում նկարչություն է դասավանդել ջրառատցի ճամբարականներին, զարմացել, որ այդքան տաղանդավոր երեխաներ են ապրում հեռավոր գյուղում:
Թոմա Վեյոն խմբի պատասխանատուն է, ասում է՝ հետ գնալը դժվար է, գյուղի բնակիչների հետ բարեկամացել են: Զարմացել է բարձր սարերի առատությունից եւ մարդկանց ծայրահեղ հյուրասեր լինելուց: «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես գյուղի վարչական ղեկավար Հովհաննեսը մեզ տարավ դաշտ զբոսանքի, որտեղ սովորեցրեց հայկական խորոված պատրաստել, դաշտում խորովածի համն անմահական էր»,-ասում է Թոման:
Հրաժեշտից առաջ Ֆրանսիական կազմակերպության իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ջրառատ էր այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Դեսպանը շրջել է վերանորոգված կենտրոնում, իր ձեռքով ավարտին հասցրել սրահի որմնանկարը:
Նա մասնակցել է նաև կամավորների կազմակերպած միջոցառմանը, որտեղ հայ և ֆրանսիացի երիտասարդները շուրջպար են բռնել հայկական թամզարայի հնչյունների ներքո:
«Ուրախ ենք, որ հայերի եւ ֆրանսիացիների համատեղ ջանքերով ստեղծվում է մշակութային մի վայր, որտեղ երեխաները մշակութային գործունեություն կծավալեն: Սա ոչ միայն կառավարությունների, այլեւ երկու ժողովրդի մեջ համագործակցության վառ խորհրդանիշ է»-ասել է դեսպանը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։