Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած այցի տպավորությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։
«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
Կրեմլի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները՝ այդ թվում հաշվի առնելով ՌԴ նախագահի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում»,-ասվում է ՌԴ նախագահականի հաղորդագրության տեքստում։
Նաեւ նշվում է, որ կողմերը երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում կարեւորել են առեւտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։
Կրեմլի կայքէջի փոխանցմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակելու շուրջ։